Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է Մաքսիմ Մանուկյանից ու Կարապետ Չալյանից
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարած Լևոն Ջուլֆալակյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք իր որոշումը, ֆեդերացիայում ստեղծված տարաձայնությունները պայմանավորված չե՞ն հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյան-Արման Շահինյան, Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան պայքարով։
Լևոն Ջուլֆալակյանն ի պատասխան ասաց, եթե հարցը տվել են, ապա պարզ կասի՝ 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն առ այսօր ոչ մի մեդալ չունի։
«Բոլորդ գիտեք, որ իր արդյունքները նա ունեցել է 80-82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի չեմպիոն 82 կգ քաշային կարգում։ Լավ մարզիկ է, տաղանդավոր տվյալներով, բայց կա և Արթուր Շահինյան, որ երկու անգամ բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի առաջնությունում, Աշխարհի վերջին առաջնությունում։ Այնպես որ, եթե կա պայքար, դրանից պետք չէ որևէ մեկը խուսափի»,-ասաց հավաքականի մարզիչը։
Նա անկեղծացավ, դեմ է եղել, որ Մաքսիմ Մանուկյանը մասնակցի Եվրոպայի առաջնությանը։
«Երևի շարժը սկսել է այստեղից։ Բայց որոշում կայացվեց ձայների առավելությամբ, որոշում կայացվեց, որ Մաքսիմ Մանուկյանը մասնակցի։ Թե ոնց մասնակցեց, բոլորդ տեղյակ եք։ Ինձ համար, բացարձակ տարբերություն չկա մարզիկների միջև, ինձ հետաքրքրել է հաղթանակները, մեդալները։ Ես գործով եմ ապացուցել, որ կողմնապահություն չեմ անում, գնում եմ մեդալների»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան հակասություններին, ապա հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, Արսեն Ջուլֆալակյանը 13 մեդալ ունի՝ տարբեր գույների, եթե մեդալ էլ չի վերցրել 4-րդ կամ 5-րդ տեղում է եղել։
«Կարապետ Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016-ի Եվրոպայի առաջնությանը, բոլորս գիտենք, որ օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի առաջնությունները զիջում են մյուսներին, քանի որ ուժեղ մարզիկները պատրաստվում են Օլիմպիական խաղերին։ Ստացել է բրոնզե մեդալ։
Ապա 2017-ին հնարավորություն է տրվել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, շատ անհաջող, մի տեղ մի շրջան է մասնակցել, մի տեղ՝ երկու շրջան։ Նույն պատմությունը կրկնվել է 2018-ին, պարտվել է։ Եթե մարզիկը երկու տարի անընդմեջ չի կարողանում իր հնարավորություններն օգտագործել, Արսեն Ջուլֆալակյանը 2019-ին մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, վերադառնում է բրոնզե մեդալով։ Հիմա, դուք ում կտա՞ք առավելությունը»,-ասաց Ջուլֆալակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019․ Սամբիստներ Մաքսիմ Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը հաղթանակով են մեկնարկել
- Մինչ եզրափակիչը ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը հաղթել է չինացուն, եգիպտացուն, հայաստանցուն
- Արսեն Ջուլֆալակյանը, Մաքսիմ Մանուկյանը հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարի կմասնակցեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա