Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, այսօր վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում։
Հարցին, թե նա ինչ կարգավիճակ ունի, հնարավո՞ր է, որ բերման է ենթարկվել, Արթուր Վանեցյանն ասաց, որ խուզարկությունը դեռևս շարունակվում է։
Նա միաժամանակ նշեց, որ խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ։
«Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին է։ Չի բացառվում՝ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով», - ընդգծեց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ խոսքը բավականին մեծ գումարների՝ միլիոնավոր դոլարների մասին է։
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ մինչ խուզարկությունը Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա։
«Այսօր ունեցած ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել այսօրվա մեր գործողությունները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ խուզարկության հետ կապված որևէ բան չի կարող ասել, քանի որ դա նախաքննության գաղտնիք է:
ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ խուզարկություն է կատարվում Գագիկ Խաչատրանի ազգական, ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանի տարածքներում: Ըստ Վանեցյանի՝ նա էլ է բերման ենթարկվելու, իսկ բերման երթարկված բոլոր անձանց կարգավիճակը կորոշեն քննիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան