Արցախի դրոշը՝ լույս և հույս
Արդեն 27 տարի Արցախի Հանրապետության նախագահական շենքի վրա ծածանվում է պետության խորհրդանիշներից դրոշը։ 1992 թվականը արցախցիների համար բավականին ծանր ժամանակաշրջան էր, սակայն մարտնչելուն զուգընթաց, որպես անկախ պետություն, ստեղծել են իրենց պետական խորհրդանիշները։
«1992 հունիսի 2-4-ը Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան։ Պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ, քանի որ նախագահ Արթուր Մկրտչյանն ողբերգական մահ ունեցավ։ Այդ նստաշրջանի ժամանակ «Դրոշի մասին» օրենք ընդունվեց։ Դրանից որոշ ժամանակ անց Արցախի դրոշը ծածանվեց այսօրվա նախագահական շենքի վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց այսօր Արցախի ԱԺ պատգամավոր, այն ժամանակ լրագրող Վարդգես Բաղրյանը։
Նա անձամբ ներկա է եղել պատմական այդ իրադարձությունը. «Կարծեմ 1992 թվականի հոկտեմբերն էր։ Այն ժամանակ աշխատում էի հեռուստատեսությունում։ Մեզ ասացին, որ դրոշը պետք է այսօրվա նախագահական շենքի վրա ծածանվի, որպեսզի գնանք և նկարահանենք։ Գնացինք այնտեղ, մի քանի հոգով բարձրացանք շենքի վրա և տղաներից մեկը դրոշը դրեց, դրոշը սկսեց ծածանվել։ Այդպես արդեն 27 տարի... ։
Ի՞նչ ապրումներ... Հպարտություն, ոչ թե նրա համար, որ ներկա ես պատմական իրադարձություն, այլ նրա համար, որ քո երկիրը, թեև պատերազմը շարունակվում էր, կասկած չունեինք , որ պետք է հաղթենք, քո ազատագրված երկիրն արդեն ունի դրոշ։ Այս զգացողությունը կար։ Հավատացնում եմ, որ այդ զգացողությունը հիմա էլ շարունակվում է և այդպես լինելու է ընդմիշտ, մինչև որ Արցախը կվերամիավորվի մայր Հայաստանին»։
Նրա խոսքով, ինչպես ցանկացած լավ բան, այնպես էլ դրոշը հույս էր ներշնչում մարդկանց, լույս էր նրանց համար։
«Այդ ժամանակ ծանր մարտեր էին ընթանում, մենք դեռ պաշտպանվում էինք։ Արդեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ստեղծվել էր պաշտպանության պետական կոմիտեն, որը շուտով բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ։ 1993 թվականի փետրվարից պետք է նորից սկսեինք մեր հակագրոհները։ Այն մարդիկ, ովքեր դուրս էին գալիս հրապարակ ու նկատում դրոշը, ոգևորվում էին, լցվում հավատով, որ դրոշը պահպանելու և պաշտպանելու է իրենց»,- ասաց Վարդգես Բաղրյանը։
Արցախի դրոշի ստեղծված է Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակմամբ վերամիավորումը։ «Արցախպրես»-ը գրում է, որ Արցախի դրոշի հեղինակը սփյուռքահայ նկարիչ (սիրիահայ, ԱՄՆ-ում բնակվող) Վահե Ֆաթալն է:
Տեսանյութը «Արցախպրես»-ին տրամադրել է պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը՝ իր անձնական արխիվից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան