Պատրաստվում եմ բողոքարկել ձերբակալման որոշումը, քանի որ դա ոչ իրավաչափ է. Երեմ Սարգսյան
Թեև կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն, բայց բերման ենթարկելու հարց չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանն առավոտվանից մասնակցում է գործողություններին։ Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
«Ըստ էության, նա տեղյակ էր առաջին իսկ որոշումից՝ թե ինչ է գրված, բովանդակությունը պարզ էր, այսինքն՝ այս ամբողջ ընթացքում ազատ է եղել և իր կամքով է ներկայացել։ Սա ես չեմ համարում բերման ենթարկել, չնայած նման արձանագրություն է կազմվել»,- ասաց փաստաբանը։
Երեմ Սարգսյանը նշեց, որ առավոտվանից խուզարկություններ են կատարվել Խաչատրյանի բնակության վայրում և Ծաղկաձորում: «Իմ գնահատմամբ, այնպիսի առարկաներ չկային, որ կարող էր գործի համար էական նշանակություն ունենար կամ դրանք ոչ օրինական էին։ Միայն հայտնաբերել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են»,- ասաց փաստաբանը։
Նա նաև ընդգծեց, որ իրավապահները գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր են որոնել, սակայն այդպիսի փաստաթղթեր չկան:
Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալին վերագրվում է մեղադրանք՝ 2010, 2016 թվականին ՊԵԿ նախագահի պաշտոնում թույլ տված ենթադրյալ արարքի համար. «Ինձ համար ակնհայտ է, որ չի կարող ձերբակալություն լինել 2010 թվականի ինչ-որ դեպքի հետ կապված»։
Նա նաև ասաց, որ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականին իրավապահների կանչով, կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը, վերադարձել է Հայաստան՝ տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ գործ է քննվում։ «Եթե նա փախուստի նպատակ ունենար, Գերմանիայում բուժումը կիսատ չէր թողնի և չէր վերադառնա: Ավելին, ՀՔԾ-ում քրեական գործով խափանման միջոց կա արդեն 6 ամիս ստորագրություն չբացակայելու մասին»,- նշեց փաստաբանը։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ կա որոշակի հանգամանք, որ ՊԵԿ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել, հիմա հարց է ծագում, թե Գագիկ Խաչատրյանն ինչ կապ ունի դրա հետ, քանի որ դա մի ամբողջ համակարգի է վերաբերում:
Դիտարկմանը, թե արդյոք այդ գումարները կհասնեին միլիոնավոր դոլարների՝ ինչպես նշել էր ԱԱԾ տնօրենը, փաստաբանն ասաց՝ եթե խոսում են ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձի մասին, բնականաբար, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չեն կարող խոսել. «Քրգործը բազմածավալ է, շատ տվյալներ դեռ հայտնի չեն, քանի որ նախաքննությունը գաղտնի է»։
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը, քանի որ դա ոչ իրավաչափ է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
- ՀՔԾ-ում քննվող գործով Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի
- Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան