Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության սպառնալիք
Հայաստանը թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի, թե ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման գործընթացում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության պահպանման ու ապահովման նպատակով։ Երևանում մեկնարկած ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հարավային Կովկասում անվտանգության ապահովումն ու պահպանումը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ Մենք տեսել ենք, թե մեր հարևան տարածաշրջաններում անվտանգության համակարգերի փլուզումը ինչ ծանրագույն հետևանքներ է ունեցել այդ ժողովուրդների, նրանց տնտեսության ու պետականության համար»,-ասաց նախարարն իր խոսքում։
Մնացականյանի խոսքով, ռազմաքաղաքական հավասարակշռությունն է մեր տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության անհրաժեշտ պայմանը, և Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։
«Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության սպառնալիք են»,-շեշտեց նա։
Զ. Մնացականյանը հայտարարեց, Հայաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից քողարկված կամ բացահայտ ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում։
«Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության միջավայրի ձևավորմանը, և ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տևական ու համապարփակ կարգավորմանը։ Ադրբեջանն իր անփոփոխ հայատյած քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության սպառնալիք։ Խաղաղությունն այլընտրանք չունի։ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար»,-ասաց նա։
Նախարարը նշեց՝ Հայաստանը բարձր է գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։
«Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ և այս տեսակետից կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին հնչեցրած դրույթները:
Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:
Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ:
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով»,-ասաց Մնացականյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան