Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները. Զոհրաբ Մնացականյան
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում են ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։
Նախարարը հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է։ Այն ներառում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններում։
«Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը և հետապնդումը»,- նշեց ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ հանդիսանալով Եվրոպական քաղաքակրթության և արժեհամակարգի անբաժանելի մաս՝ Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ իր համագործակցությունը։ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող փոխգործակցության համար կարևորագույն նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը։
«Կարևորում ենք Եվրամիության դերակատարումը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում: Մեծապես արժևորում ենք մեր համագործակցության հարաճուն զարգացումը ԵՄ անդամ երկրների հետ։ Այս տեսակետից կառանձնացնեի Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների ծավալը։ Եվրոպական գործընկերների հետ մեր համագործակցության կոնտեքստում կուզենայի առանձնահատուկ գոհունակությամբ նշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ ձևաչափի ձևավորումը»,- ասաց նա։
Զոհրաբ Մնացականյանը նշեց նաև, որ Միացյալ Նահանգները կարևորագույն դեր է խաղացել մեր անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում, կարևոր ներգրավածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում. «Մենք բարձր ենք գնահատում նաև Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը: Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում»։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում առավելագույնս ընդգծվում է երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, որոնք խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա և ունեն կարևոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար:
«Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան