Լևոն Ջուլֆալակյան. Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարականի որոշման մասին հայտարարած Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ անցած տարիների ընթացքում որևէ խնդիր չի ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի, ոչ էլ ֆեդերացիայի հետ։
«Բոլոր երեք ղեկավար կողմերի համար էլ հաճելի չէր իմ հրաժարականը։ Եվ ոչ մեկը կողմ չէ։ Բայց որոշումը ես եմ կայացրել, հուսով եմ, համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է։ Հիմնական պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկները ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչը շարժվի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների անցկացման վայրը, դրանց կազմը որոշվի ու ընտրվի իրենց ցանկություններով։ Մի խոսքով, լիքը նման տհաճ երևույթներ։ Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում»,-ասաց բանախոսը։
Գլխավոր մարզիչն ասաց, պատճառներն ինչ-որ տեղ իր համար հասկանալի են, ինչ-որ տեղ էլ՝ ոչ։
«Բայց փաստը մնում է փաստը, եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը, և նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը, իմ բնավորությամբ անձնավորությունը հաստատ չի կարող։ Ես իմ աշխատանքային տարիների ընթացքում եղել եմ պահանջկոտ իմ, բոլորի նկատմամբ, պահպանել եմ կարգ ու կանոն, ձգտել եմ հասնել լավագույն, բարձր արդյունքների։ Պահանջել եմ բոլորից, նաև ինձանից։ Եթե հիմա հավաքականում կան մարզիկներ, ովքեր պատկերացնում են, որ արդեն տիրապետում են մարզչական գործին, լիարժեք պատկերացնում են, թե ոնց պետք է պատրաստվեն, ոնց ելույթ ունենան, մի խոսքով, նման պարագայում մարզիչի դերը վերանում է։ Ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը»,-ասաց նա։
Ջուլֆալակյանն ասաց, որպեսզի հետագայում հավաքականը շարունակի բարձր արդյունքներ ցույց տալ, ցանկանում է, որ գլխավոր մարզչի ճիշտ ընտրություն կատարվի։
«Լինի ավելի պատրաստված մարզիչ, որ կարողանա հասկանալ թիմի հոգեբանությունը, կարողանա ավելի լավ պատրաստվել, ավելի շատ մեդալներ բերել, ավելի շատ ուրախացնի մեր ազգին։ Ես արել եմ, ինչ կարողացել եմ, նվիրվել եմ ամբողջությամբ»,-ասաց նա։
Ջուլֆալակյանը նշեց, մարդիկ կան, որոնց թվում է, թե ամեն ինչի տիրապետում են, իրենց անձն է հասել այդ բարձունքին, ոչ թե իրենց հասցրել են այդ բարձունքին։
«Ոչ մեկի չեմ ուզում մեղադրել։ Տա Աստված, որ ամեն մեկն իր ճշտով շարժվի առաջ ու հաջողությունների հասնի։ Ես չեմ ուզում անուններ նշել, երբ հրապակվեց լուրը, իրենք կհասկանան»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է մարզչական կազմի դիրքորոշմանը, ապա Ջուլֆալակյանն ասաց, որոշումը կայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, տեղի էին ունենում խմորումներ։
«Մարզչական կազմը գտնում է, ճիշտ չէ։ Ճիշտ է, աշխարահի առաջնությանը քիչ ժամանակ է մնացել, բայց նման երևույթների առկայության դեպքում, ես չեմ կարող փորձել աշխատել այն կազմի հետ, որն ինչ-որ տեղ՝ խոհանոցում, կազմակերպում է, թե մարզումներին ով մասնակցի, ով չմասնակցի։ Դա ինձ պատիվ չի բերի։ Մարզիչներն էլ ինչ-որ տեղ ցայտնոտի մեջ են, բայց ես իրենց ասում եմ, ես չեմ կարող ինքնասիրությունս մի կողմ դնել ու աշխատել»,-մանրամասնեց գլխավոր մարզիչը՝ ավելացնելով, որ այս ամենը սկսել է հուլիսի 15-16-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում