Նիկոլ Փաշինյան. Մեր Ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ պետք է դառնա նաև արտաքին շուկաներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Էկոնոմիկայի նախարարներ՝ Հակոբ Արշակյանի ու Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի ռազմարդյունաբերական N ընկերություն: Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել ընկերության ռազմական արտադրանքը, արտադրության կազմակերպման գործընթացը և զարգացման հեռանկարները:
Կառավարությունից հայտնում են, այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:
«Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի տնտեսության մեր տեսլականը հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Արդյունաբերության և ընդհանրապես տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս Ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ Ռազմարդյունաբերական համալիրը պետք է ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ լինի տեխնոլոգիական, այսինքն՝ համապատասխանի ժամանակակից բոլոր տեխնոլոգիական չափանիշներին կամ առնվազն շարժվի այդ ուղղությամբ: Երկարաժամկետ իմաստով մենք պետք է նաև տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարարություններ արտադրելու հնարավորություն ունենանք: Իհարկե, Ռազմարդյունաբերական համալիրը մեզ համար ունի մի քանի կարևոր առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ»,-ասել է նա։
Վարչապետն ասել է, ցավոք, այս ընթացքում նաև այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է գնացել:
«Ես նկատի ունեմ՝ պետական պատվերի ոլորտը: Եվ մենք այստեղ, քաղաքական նպատակադրումը ձևակերպելով, պետք է խնդիրը խորությամբ և համապարփակ հասկանանք, որովհետև, ասելով, որ Ռազմարդյունաբերական համալիրի համար մենք պետք է պետական պատվեր ապահովենք, մենք նկատի ունենք, որ դրա նպատակը պետք է լինի ոչ թե ուղղակի Ռազմարդյունաբերական համալիրը պահելը, այլ աջակցելը, որպեսզի մեր Ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ դառնա նաև արտաքին շուկաներում:
Իհարկե, հասկանալի է, որ դա մեկ օրում տեղի չի ունենա, բայց շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր նպատակադրումը ոչ թե այն է, որ Ռազմարդյունաբերական համալիրը գոյատևի, այսպես ասած պետական պատվերի այդ նեղ, «յոլա գնալու» տրամաբանության մեջ, այլ հնարավորինս ընդլայնված պետական պատվերը պետք է օգնի Ռազմարդյունաբերական համալիրին, որպեսզի այն զարգանա և մրցունակ լինի առաջին հերթին արտաքին շուկաներում, նաև ներքին շուկայում»,-ասել է նա։
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այս ոլորտի հետ կապված նախանշել է հավակնոտ խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում