Սերոբ Խաչատրյան. Այս պահին կրթական համակարգում առանձնապես մեծ փոփոխությունների ակնկալիք չկա
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում նոր նշանակված ռեկտորների՝ «հներից պետք է ազատվել» մոտեցումը չի աշխատում։
«Ճիշտ մոտեցումը հետևյալն է։ Պետք է ասել, ես ունեմ խաղի այս կանոնները, դրանք մշակում ենք համատեղ, դրանք ուղղված են բարեփոխումներին։ Որոշ ժամանակ անց նոր կարելի է հասկանալ, կարողանո՞ւմ են այս կանոններով աշխատել, թե՞ ոչ։ Հնարավոր է այդ մարդիկ կարողանան աշխատել, և անիմաստ տեղը այդ մարդկանց պետք չէ ազատել աշխատանքից»,-ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարվան, ապա նա մեծ սպասելիքներ ունի, քանի քանի որ քաղաքական իրադարձությունները, ընտրությունները հետևում են, անցել է մեկ տարի ու ժամանակ կար աշխատանք կատարել։
«Ցավոք սրտի, չկան ռազմավարական փաստաթղթեր։ Տարբեր ելույթների ժամանակ հնչում են որոշակի տեսակետներ, ինչ-որ բաներ են ներկայացվում, բայց ցավոք սրտի, համակարգի մարդկանց համար հստակ չէ, թե մենք ինչ կրթական համակարգ ենք ունենալու, որոնք են մեր առաջնահերթությունները»,-ասաց բանախոսը։
Նա հիշեցրեց անցյալում թույլ տրված սխալների մասին, դրանցից զերծ մնալու համար կոչ արեց չվերցնել դրսում մշակված ու գրված ծրագրեր։
«Մեզ իսկապես Հայաստանում պետք են տնական կրթական ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը։ Տեղի ունեցած փոփոխություններն առանցքային չեն։ Գիտեք, որոշ դասագրքեր երկու հատորով են տպագրվել, ինչի շնորհիվ աշակերտների պայուսակները կարող են մի 500 գրամով թեթևանալ։ Այս պահին առանձնապես մեծ փոփոխությունների ակնկալիք չկա։ Այս ուսումնական տարին էլ դիմավորում ենք առանց կրթության զարգացման պետական ծրագրի։ Հիշեցնեմ, այդ ծրագիրը պետք է սկսեր 2016-ին ավարտվեր 2020-ին։ Ժամանակն ավարտվում է, բայց ծրագիրը դեռ չկա»,-ասաց բանախոսը։