Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում
«Երջանիկ եմ, որ ապրում եմ նույն երկրում, նույն քաղաքում, որտեղ ապրում է Տիգրան Մանսուրյանը, երջանիկ եմ, որ այսօր նստած եմ մաեստրոյի կողքին»,- այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առթիվ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին նվիրված ասուլիսի ժամանակ։
Քաղաքապետը նշեց, որ կոմպոզիտորի հոբելյանը կնշանավորվի մի շարք համերգային ծրագրերով: Համերգներ են նախատեսված Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ այս տարի նշում ենք Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները, տարվա ընցթացքում մի շարք հոբելյանական միջոցառումներ են անցկացվել, իսկ հոբելյանական միջոցառումների երկրորդ փուլը մեկնարկելու է աշնանը՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին։
«Մանսուրյանի կողքին գտնվելը մեծ պատիվ է բոլորիս համար։ Վարպետի հետ շփվելով՝ հասկացա, որ 80-ը շատ հարաբերական է, քանի որ նա շատ երիտասարդ է, անընդհատ ստեղծագործում է, վստահ եմ, որ առաջիկայում Տիգրան Մանսուրյանը դեռ շարունակելու է մեզ զարմացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ «Մանսուրյան-80» համերգաշարի 5 համերգների ընթացքում կհնչեն մաեստրոյի կինոերաժշտությունը, ինչպես նաև սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։
Դիրիժորը բարձր գնահատելով մաեստրոյի արվեստը՝ նշեց, որ Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում։
«Տարիների ընթացքում ինձ ավելի ապահով եմ զգում։ Երևի իմ երաժշտությունն է այդ ապահովության զգացողությունը տվել և տարածել»,- նշեց Տիգրան Մանսուրյանը:
Նա միջոցառումների այս շարքի համար շնորհակալություն հայտնեց իշխանություններին: Մաեստրոյի խոսքով՝ այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ և միջոցներ, և սա արվեստի, երաժշտության նկատմամբ իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում։
«Մանսուրյան-80» երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի «Վերածննդի» հրապարակում: Բացօթյա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի կինոմեղեդիները։ Կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ։
Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։
Սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Մանսուրյանի կինոերաժշտությամբ։
Համերգների մուտքը կլինի տոմսերով, և բոլոր երաժշտասերները հնարավորություն կունենան համերգաշարի մասնակից դառնալ։
Փառատոնը կեզրափակվի Գյումրիում, սեպտեմբերի 13-ին՝ «Սև բերդ» հուշարձանում։
Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում կթողարկվեն սահմանափակ թվով արծաթյա հուշանվերներ։ Դրանք հատուկ համերգաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանող հյուրերին տարիներ անց կհիշեցնեն երաժշտական բացառիկ օրերի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ
- Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում
- Մաեստրո Մանսուրյան. համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին
- Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի
- Մոսկվայում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկո
- Տիգրան Մանսուրյան. Սա մեր ընտանիքի փաստագրությունն է
- Տիգրան Մանսուրյան Իսահակյանի հետ
- Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով
- Տիգրան Մանսուրյան. Այս ֆիլմն իրապես ես եմ
- Տիգրան Մանսուրյան. Ես երբեք իմ անցյալի որևէ էջի, դրվագի չեմ դավաճանել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին