«Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից տուժած գործարարները պահանջում են վերադարձնել ԱԱՀ-ն ու մաքսատուրքը
Օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներից մեկն էլ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունն է։ Լրագրողների հետ հանդիպմանը ՍՊԸ տնօրեն Արմեն Անդրեասյանը հայտարարեց, որ հրդեհված ընկերության սառնարաններում իրենք ունեցել են ներկրված սառեցված թռչնամիս, տավարի ու խոզի միս։
«Մոտ 900 տոննա սառեցված միս է պահպանվում այդ սառնարաններում, որից ամենաշատը մեր մսամթերքն է եղել։ Այդ սառանարանում ընդհանուր առմամբ մոտավորապես եղել է 30 մլն դոլարի ապրանք։ Ամսական մոտ 9 մլն դրամ ենք փոխանցել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին մատուցած ծառայության համար։ Հրդեհից հետո կարողացել են 302-303 տոննա սառեցված միս փրկել, մնացած մասը ծխեցված է, այրված, հետագա օգտագործման համար անպիտան»,-ասաց բանախոսը։
Ընկերության տնօրենի խոսքով, հրդեհի հետևանքով տուժած 12 գործարարներ դիմել են վարչապետին՝ խնդրելով վերադարձնել այրված ու չիրացված ապրանքի համար վճարված ԱԱՀ-ն ու մաքսատուրքը։
«Թռչնի մսի համար մաքսատուրքը 26.6 տոկոս է, իսկ ԱԱՀ-ն՝ 20 տոկոս, այսինքն՝ ընդհանուր առմամաբ 46.6 տոկոս։ Հիմա կառավարությունը պետք է գոնե աջակից լինեն գործարարներին, վերադարձնեն այդ գումարը։ Միայն մեր ընկերության մասով, խոսքը մոտավորապես 700-800 հազար դոլարի մասին է»,-ասաց ընկերության տնօրենը։
Նրա խոսքով, մսամթերքն ապահովագրված չի եղել, քանի որ ամեն օր ծավալները փոփոխվում են։
«Քանի որ պահապանությունը «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պարտավորությունն է, ինքը պետք է իրականացներ ապահովագրություն։ Սակայն չի եղել։ Մենք վճարել ենք 9 մլն դրամ, բա ինչի՞ համար ենք վճարել։ Վճարել ենք, որպեսզի ապրանքը, ոնց տվել ենք իրենց, այնպես էլ ստանանք։
Բայց այսօր այդ ընկերության շենքը գրավադրված է բանկում պարտքի դիմաց, ընկերությունը գնում է սնանկացման։ Դա սկսկել է մի քանի ամիս առաջ, սակայն որևէ մեկը մեզ այդ մասին տեղյակ չի պահել»,-ասաց Անդրեասյանը։
Սառնարանում առաջացած հրդեհը նրանց մոտ կասկածներ են առաջացրել, սպասում են ԱԻՆ-ի եզրակացությանը։
«99 տոկոսով համոզված եմ, որ հրկիզում է եղել։ Հանդիպել ենք ընկերության ներկայացուցիչներին, քննարկել ենք խնդիրները, հիմա սպասում ենք կառավարության քայլերին»,-ասաց բանախոսը։
Տուժած գործարարների մեծ մասը բանկերում վարկային պարտավորություններ ունեն, այս պահին չգիտեն, թե ինչպես կկարողանան կատարել վճարումները։ Հույս ունեն՝ կառավարությունն այստեղ էլ իրենց կօգնի՝ որոշ ժամանակ տոկոսները կսառեցվեն։
Հարակից հրապարակումներ`
- Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
- Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Հրդեհ սառնարանների պահեստում