Ամուլսարի հարցում խմբակցությունում տարակարծություններ կան, բայց պառակտում հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Ամուլսարի հարցը խմբակցության քննարկելիք հարցը չէ, այլ մասնագիտական դաշտում գտնվող հարց է։ Այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Հիմա ամեն պատգամավորից կարծիք եք հարցնում, ապա մյուսին հակադրում, փորձում լուր ստանալ, բայց դրանից հարցը չի լուծվում։ Դա ինտրիգ է լավ վերնագիր գրելու համար: Ամուլսարի հարցը մասնագետների ոլորտում է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ խմբակցության ներսում կարող են լինել միայն զուտ քննարկումներ։
Հարցին՝ խմբակցությունն արդյոք միասնական դիրքորոշում չի հայտնելու, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ իր գործընկները լիակատար աջակցություն են հայտնում վարչապետին. «Հարցը գտնվում է քննարկման փուլում, երբ որոշում լինի, այդ ժամանակ մեր կարծիքը կհայտնենք: Այսօր կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու: Արդեն ասվել է՝ եթե կլինի մի փոքր մտավախություն, որ դա կարող է վնաս պատճառել թեկուզ մեկ լիտր ջրին, քննարկելու բան չի լինի»:
Նա նաև չհերքեց, որ խմբակցությունում տարակարծություններ կան Ամուլսարի հարցի շուրջ, բայց միաժամանակ նշեց, որ դրա ֆոնին պառակտում հնարավոր չէ:
Լրագրողները նաև հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն քննադատություններին, ըստ որի, այս փուլում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակավայրում իրավապահները գործողություններ սկսեցին, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունն Ամուլսարի խնդրից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ժպիտով, քանի որ ինձ համար ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարինը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան