Տիգրան Խաչատրյան. Կառավարության նպատակն է բացառել կոռուպցիայի որևէ դրսևորում պետական-մասնավոր շփումներում
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչների հետ։ Նախարարը ողջունել է գործարարներին և ներկայացրել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները։
Նախարարը իրանական բիզնեսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու տեսանկյունից կարևորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը և մշակութային ընդհանրությունները հարևան պետությունների միջև։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հայազգի գործարարների գիտելիքները և պատկերացումները իրանական տնտեսության վերաբերյալ՝ մի կողմից, և ռուսաստանյան տնտեսական միջավայրի մասին՝ մյուս կողմից, կարող են խիստ արդյունավետ լինել համագործակցության համար։
էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, նախարարը կարևորել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության արդյունքները և բացվող տնտեսական հեռանկարները։
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական միջավայրին։
«Կառավարության վերջին մեկ տարուց ավելի վարվող քաղաքականության առանցքային կետերից է շուկայում գործող և մեկնարկող բիզնեսի համար առավելագույն հավասարության ապահովումը։ Գործունեության յուրաքանչյուր բնագավառում նոր կազմակերպություն ստեղծելը և բիզնեսով զբաղվելը հավասարապես հասանելի է ցանկացած կազմակերպության համար, մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար: Կառավարության նպատակն է բացառել կոռուպցիայի որևէ դրսևորում այն հարաբերություններում, որոնք վերաբերում են պետական մարմինների և մասնավոր հատվածի միջև շփումներին», - ասել է Տիգրան Խաչատրյանը: