Գյոթե 270. Հոբելյանական ցուցադրություն՝ Հայաստանի ազգային գրադարանում
Համաշխարհային գրականության մեծագույն ներկայացուցիչ, գերմանացի մեծ բանաստեղծ, մտածող, փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ծննդյան 270-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում կազմակերպվել է ցուցահանդես:
Ազգային գրադարանում պահվող Գյոթեի գրքերի հարուստ հավաքածուից ներկայացված են ամենահայտնի եւ ամենահազվադեպ հրատարակություններ՝ 1875-ին և 1884-ին Լայպցիգում և Շտուտգարդում լույս տեսած գերմաներեն տասհատորյակները, Բորիս Պաստեռնակի թարգմանությամբ «Ֆաուստ»-ը, Գյոթեի և Շիլլերի նամակագրության երկհատորյակը, «Ֆաուստի», «Էգմոնտի», «Վերթերի»՝ Կահիրեում, Թիֆլիսում, Բեյրութում, Երևանում, Վաղարշապատում լույս տեսած հայերեն ամենատարբեր թարգմանությունները և այլն:
«Ազգային գրադարանում կարող եք ընթերցել Գյոթեի գրական ժառանգության լավագույն հրատարակությունները՝ տարբեր ժամանակներում ու երկրներում լույս տեսած հայերեն բազմաթիվ ստեղծագործությունները, գերմաներեն 10, 20, 40, 50 հատորյակներ, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով առանձին հրատարակություններ: Գյոթեի հազվագյուտ շատ գրքեր պահվում են գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի գրապահոցում, Լազարյան ճեմարանի, Արղության-Երկայնաբազուկի, Լեոյի և այլ հավաքածուներում»,-տեղեկացնում է գրադարանի ֆեյսբուքյան էջը։
.Գերմանական ռոմանտիզմի հանճարեղ ներկայացուցիչ
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն այնքան երկարակյաց էր, որ նրա կյանքի օրոք աշխարհ եկան ու կյանքից հեռացան Ֆրիդրիխ Շիլլերը, Ֆրիդրիխ Շլեգելը, Նովալիսը, Կլայստը, փիլիսոփաներ՝ Ֆիխտեն, Շելինգը, Հեգելը, կոմպոզիտորներ՝ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, անգլիացի բանաստեղծներ Բայրոնը և Շելլին: Գյոթեի թողած գրական ժառանգությունը, սակայն, շատ ավելի հարուստ է անգամ նրա ապրած տարիների համեմատ: Վիթխարի է ներդրումը, որ գրողը ունեցել է համաշխարհային գրականության զարգացման մեջ: Ստեղծելով սեփական ժանրերը՝ վերթերիզմ, վայմարյան կլասիցիզմ (Շիլլերի եւ Հերդերի հետ համատեղ), արևելյան ռոմանտիկա, նա կարողացավ միանգամից մի քանի քայլ առաջ տանել համաշխարհային գրականության զարգացումը: Չափազանց բարձր է գնահատվում Գյոթեի ստեղծագործության թագ ու պսակ, գերմանական պոեզիայի գագաթ «Ֆաուստ» ողբերգությունը, որի վրա մեծ մտածողն աշխատել է ավելի քան 60 տարի։
.Համաշխարհային գրականության հսկան իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև Արարատին և հայերին։ Մեծանուն բանաստեղծին խոր ակնածանք էր ներշնչում բիբլիական Արարատը։ «Ես չէի զարմանա,- ասում է նա գերմանացի նշանավոր բնախույզ և ճանապարհորդ Կարլ Ֆրիդրիխ Մարցիուսի հետ զրուցելիս,- եթե Արարատի վրա հայտնաբերեին առաջին մարդու գանգը»։
Գյոթեի՝ Ստեֆան Ցվայգի կազմած հատընտիրում ընդգրկված «Թողեք, որ ես լամ» բանաստեղծությունում հիշատակվում է բանաստեղծին գիշերային լռության մեջ՝ անապատում ընկերակցող հայ քարավանապետը.
Թողեք, որ ես լամ, գիշերն է պատել
Ինձ անապատում այս անծայրածիր.
Քնած են ուղտեր և ուղտապաններ,
Հայը լուռ, արթուն հաշիվ է անում.
Իսկ ես իր կողքին չափում եմ ուղին,
Որ բաժանում է ինձ Զուլեյկայից,
Համրելով տաղտուկ, ճամփա երկարող
Կեռմանները ձիգ։