Դիվանագետները կմեկնեն նախ Գյումրի, ապա Արցախ
Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ՀԱյաստանում կհանդիպեն գործարարների, այդ թվում նաև գինեգործների հետ։
«Մենք նաև հյուրընկալվելու ենք մեր գինեգործների կողմից։ Սա առանձին վերցված օրինակ է, և սա ոչ թե լինելու է ուղղակի ընդունելություն, այլ լինելու է մեր տնտեսության այս ոլորտի ներկայացում, որպեսզի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները լավագույնս իրականացնեն իմիջային այդ գործառույթը»,-ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում։
Նրա խոսքով, վաղը դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին մեկնելու են Գյումրի, և նրա կազմակերպմամբ Գյումրիում հանդիպելու են մեր մարզային ղեկավարների և մարզերում գործող գործարարների հետ, որպեսզի նույնպես լավագույնս ընկալեն մարզային զարգացման օրակարգը և ճշգրտեն այն ուղիները՝ ինչպես արտաքին քաղաքականությունը, արտաքին ծառայությունը կարող է լավագույնս օգտագործվել մարզային զարգացման համար։
«Շաբաթ օրը մենք շարունակելու ենք մեր ներքին քննարկումները թիրախային օրակարգով, տարածաշրջաններով։ Վերջին երկու օրերին դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները լինելու են Արցախում»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպումը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Սա անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության զարգացման կարեւորագույն հանգրվաններից մեկն է: Այն պիտի առիթ դառնա, որպեսզի վերանայվեն, վերաիմաստավորվեն եւ արդյունքում վերահաստատվեն կամ անհրաժեշտության դեպքում էականորեն փոփոխվեն պետական ոլորտային քաղաքականությունները, այդ թվում արտաքին քաղաքականությունը: Այս ուղղությամբ, ինչպես եւ հայտարարվել էր, չեն եղել եւ չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ, բայց փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը թերեւս, առնվազն որովհետեւ եթե դեսպանները, օրինակ, մի յուրօրինակ առաջնագծում առանց զենքի պաշտպանում են երկիրը, նրանք չեն կարող նույն փաստարկային բազայով կամ նույն դիրքերից հանդես գալով կամ նույն մեթոդով ու բառակազմով պաշտպանեն այն, ինչն էականորեն փոխվել է»,-նշել է ԱԺ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյան. Մեր նպատակը ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է
- Մարուքյան. Եթե ԵԽԽՎ-ում ինձ հարցնեն, ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, ես չեմ կարող պատասխանել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում