ՀԱԿ. Պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը
Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ Ամուլսարի հանքի շահագործման հարցի վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է.
«Օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաև դրան հետևած վարչապետի և կառավարության այլ անդամների հայտարարությունները և հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը:
1. Նախևառաջ, պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջև: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ պայմանագիրը կարգավորում է պետության սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետևաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում և պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն: Պայմանագրի հրապարակումը թույլ կտա հանրությանը քննել բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պարզել, թե ինչպես է բաշխվում հանքի շահագործումից ստացված շահութը ընկերության և պետության միջև, հստակ պատկերացնել երկու կողմերի պարտավորությունները և իրավունքները, գնահատել հնարավոր արբիտրաժային դատավարության արդյունքում պոտենցիալ ֆինանսական կորուստները: Այլապես, հանրության մոտ մշտապես կասկածներ կմնան գործարքի կոռուպցիոն բնույթի մասին: Առանց այդ հրապարակման վստահելի չեն նաև բոլոր խոսակցությունները արբիտրաժի հնարավոր ռիսկերի մասին:
2. Որևէ կերպ բացատրելի չէ, թե ինչու չի անցկացվել անկախ նոր ՇՄԱԳ և ԲՍԱԳ, ինչը թույլ կտար փարատել նախկին ռեժիմի պայմաններում անցկացված ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի կոռուպցիոն բնույթի հետ կապված հանրության հիմնավոր կասկածները և վստահություն ներշնչել հանքի շահագորման վնասների ճշգրիտ գնահատման վերաբերյալ, առավելևս հաշվի առնելով այն հանգամանքը, որը ԷԼԱՐԴ-ը իր հետազոտության շրջանակներում դաշտային ուսումնասիրություններ չի անցկացրել:
3. ԷԼԱՐԴ-ի 200-էջանոց փաստաթղթի մեջ հրապարակված բացահայտումները և փաստերը ցույց են տալիս, որ «Լիդիան»-ի կողմից անցկացված Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը (ՇՄԱՓ-ը) պարունակում է աղաղակող և համակարգային բնույթ կրող սխալներ և բացթողումներ, որոնք վերաբերում են ե՛ւ փաստերի անճշտությանն ու աղավաղմանը, ե՛ւ մեթոդոլոգիայի սխալականությանը, և կարևոր չափանիշների չափման բացակայությանը: Այդ բացահյտումները հակասության մեջ են ե՛ւ ԷԼԱՐԴ-ի եզրակացության դրույթների ե՛ւ քննիչ Իվանյանի գնահատականներիի հետ, ինչի մասին բարձրաձայնել է ԱԺ նախագահւի տեղակալ և «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:
4. Քննիչ Իվանյանի հայտարարությունը, հիմնված չլինելով հրապարակված բացահայտումների վրա, նաև թուլացնում է Հայաստանի Հանրապետության դիրքերը «Լիդիան»-ի հետ հնարավոր արբիտրաժային դատավարության ժամանակ:
Հաշվի առնելով վերոշարադրված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակված ուսումնասիրություններով և վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան