«Ջերմուկ գրուպ»-ին արտոնությունն ու վարչապետի կատակը
Գործադիրն այսօրվա նիստում հարկային արտոնություն տվեց «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը։ Մասնավորապես, բավարարվեց ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ «Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիմերային շշերի արտադրության մեջ։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20,8 մլրդ դրամի ներդրում, որից 804.9 մլն դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը` ցանկում նշված հումքի և սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26 մլրդ դրամ, որից 15.6 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 8 մլրդ 320 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 80 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ 68 մլն դրամ, իսկ մաքսատուրքի ազատման արտոնությունը ՝ 804,3 մլն դրամ:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Ջերմուկ գրուպի» կողմից պլաստմասե շշի հումքի ներկրման դեպքում բնապահպանական վճարը արդյոք գանձվում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ լսելով հարցը՝ կատակեց. «Պարոն Գրիգորյան, փաստորեն «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությունն էլ է Ջերմուկի շրջակա միջավայրին վնաս, լիքը վնասակար արտադրություններ կան, մտածենք ինչ անենք, փակենք, չփակենք»։
Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով Շրջակա միջավայրի նախարարի հարցին՝ նշեց, որ բոլոր շշալցնող կազմակերպությունները ներկրում են համապատասխան հումքը, և եթե օրենքով սահմանված է այդ բնապահպանական վճարը, բնականաբար, այդ պարտավորությունը կատարում են։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ նշեց, որ մաքսային սահմանին գանձվում է բնապահպանական վճարը։