Կառավարությունը խնդիր է դնում՝ ռազմական արտադրանքը ձեռք բերել տեղական արտադրողից
Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրեն ռազմարդյունաբերության ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետք է նաև կազմեն ԶՈՒ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլանը. «Ոլորտի հետ կաշխատենք երկու ուղղությամբ։ Մասնավորապես, կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները՝ պայմանով, եթե տեղական արտադրողները ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ և ճանապարհային քարտեզ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա հանձնարարական է, և պատասխանատուները մեկամսյա պարբերականությամբ պետք է իրեն զեկուցեն իրավիճակի մասին։