Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ. վարչապետ
Համաձայն Կենտրոնական բանկի տեղեկանքի, վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են 3 տոկոսով, դոլարային վարկերի տոկոսադրույքներն իջել են 1 տոկոսով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետը նշել է, որ երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ:
«Այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների տեմպի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք, և եթե այդ խնդիրն արդյունավետ կերպով լուծված լիներ, իհարկե, այսօրվա մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին: Իհարկե, սրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց ես հիմա ուզում եմ նորից մեզ հիշեցնել՝ կառավարության բոլոր անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որ հիմա ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումը, անցկացումը և հունվարի 1-ի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով պայմանագրերի ստորագրումը և աշխատանքների ճիշտ ժամանակին կազմակերպելը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլև պետք է հաշվի առնել նաև այնպիսի հնարավորություն, որ կարող են հընթացս գոյանալ հավելյալ միջոցներ, ինչպես այս տարի տեղի ունեցավ, և այդ հավելյալ միջոցներն առաջանալու պարագայում չպետք է նորից շաբաթներով քննարկել, թե այդ գումարներն ինչի վրա ծախսեն. «Այսինքն՝ մենք մեր աշխատանքային սեղանին պետք է ունենանք պատրաստի նախագծեր՝ իրենց ֆինանսական գնահատականով, որպեսզի հավելյալ միջոցներ առաջանալուն պես շատ արագ և արդյունավետ կարողանանք այդ միջոցները ծախսել»։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ միշտ էլ պետք է հաշվի առնել՝ ցանկացած լավ նորություն իր հետ բերում է նաև որոշակի լարվածություն. «Շատ կարևոր է, որ այդ լավ նորությունների ձեռք բերած տեմպը և տրամադրությունը չկորցնենք: Դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել և աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը, և ես ասացի՝ հատկապես ինչ ուղղությամբ, և սա յուրաքանչյուր նախարարի նաև աշխատանքի գնահատականն է լինելու, թե ինչքանով է այդ աշխատանքն արվել արդյունավետ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի վարկանիշի բարձրացման համար հիմք է ծառայել Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը. Էկոնոմիկայի նախարար
- Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել. վարչապետ
- Մուդիզ կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին աճել է 6.8%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում