Բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի թույլտվություններ էր տվել ջրօգտագործողներին. Արթուր Դավթյան
Ձկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված քննվել է մեկ քրեական գործ և պարզվել է, որ բնապահպանության հայտնի նախարարը ժամանակին ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ է տվել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով՝ քրգործի շրջանակում պարզվել է, որ 211 տնտեսվարողներ իրականացրել են ապօրինի ձկնարտադրություն.«Ապօրինի այնքանով, որ համապատասխան փորձաքննություն չէր իրականացվել, բայց մարդիկ ունեին թույլտվություններ»։
Գլխավոր դատախազը նշեց, որ կան տնտեսավարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը հղի է մեծ վտանգներով։
«Պարոն Դավթյան, ի՞նչ պետք է անենք, եթե թույլտվություններն ապօրինի են տրվել, շատ բարդ իրավիճակ է։ Ենթադրենք, որ 200-ն էլ գործող տնտեսություն է, դա նշանակում է՝ այդ տնտեսությունները բռնել և փակել»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին հանձնարարեց հարցը քննարկել և հասկանալ, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ։
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խնդիրը շատ նուրբ է, չի բացառվում, որ տնտեսվարողը դիմել է նախարարություն և անգամ չի էլ իմացել, որ այդ փորձաքննությունը չի անցել։ Նրա խոսքով՝ պետք է քննարկել, ողջ գործընթացը հընթացս անցնելու հնարավորություն տալ տնտեսվարողներին, որ նախ տնտեսությունը չտուժի, և նրանց վերադարձնեն իրավական դաշտ։
Վարչապետի խոսքով՝ խնդիրը բարդ է, բայց պետք է գտնել լուծումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան