«Օրենքով գողերը» կենթարկվեն քրեական պատասխանատվության
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծերով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ և մասնակցություն հանցավոր համագործակցությանը։
Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի կամ կնպաստի տվյալ խմբի գործունեության խափանմանը։ Նշված անձանց մասով խրախուսական նորմ է սահմանված քրեական պատասխանատվությունից ազատվելը։
Նախարարը հայտնեց, որ այս արարքների համար ավելի բարձր սանկցիաներ են նախատեսված, եթե դրանք կատարվել են ՔԿՀ-ում պահվող անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, անչափահասի ներգրավմամբ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծերին՝ նշեց. «Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք, որ կառավարության նիստում այսպիսի բառեր եմ օգտագործում, «օբշակների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, քանի որ այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»։
Ռուստամ Բադասյանն ասաց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը։ Վարչապետն էլ արձագանքեց. «Թարգամանաբար ասած՝ ավտարիտետը»։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ սա բացառիկ նշանակության փոփոխություն է։ «Սրանք շարքային փոփոխություններ չեն, և գաղափարական, և բարոյական նշանակությունից զատ, ցանկանում եմ հավաստել, որ հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունի քրեական ենթամշակույթը: Նույն ենթամշակույթի շահառուները էական վնասում են նաև հանցագործությունների բացահայտումները, հետևաբար, օրենսդրական այս փոփոխությունը բացառիկ նշանակություն ունի։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները այս պահից պետք է պատրաստվեն դրա իրացմանը, քանի որ երբ սա դարձավ օրենք, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի»,- ընդգծեց նա։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս կարևորեց նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան