«Լեքսուս» մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի՝ Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ «Լեքսուս» մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի՝ Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով:
Ոստիկանության փոխանցմամբ, տեղեկություններն իրացվել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների աջակցությամբ: Օգոստոսի 28-ին, ժամը 02.26-ին, կանգնեցվեց Շվանիձոր-Մեղրի ճանապարհով երթևեկող «Լեքսուսը»՝ վարորդի և ուղևորի ինքնությունը ստուգելու նպատակով:
Երևանցի տղամարդկանց ինքնությունը ճշտելուց հետո սահմանապահ զորքերի հենակետում զննվել է «Լեքսուսը»: Ավտոմեքենայի տակից՝ առջևի անիվի հետնամասից հայտնաբերվել է իրանական արտադրության ծխախոտի տուփ, որի մեջ սպիտակ գույնի, առանց հոտի բյուրեղանման 39.46 գրամ զանգված էր: Ըստ 37-ամյա երևանցու՝ զանգվածը եղել է իր մոտ, ինքն է այն նետել մեքենայի տակ:
Նույն օրը կազմված փաստաթղթերն ու փաթեթավորված բյուրեղանման զանգվածը փոխանցվել են ոստիկանության Մեղրիի բաժին, երկու երևանցին բերման են ենթարկվել:
Նշանակվել են դատակենսաբանական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: