Մարուքյան. Եթե ԵԽԽՎ-ում ինձ հարցնեն, ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, ես չեմ կարող պատասխանել
«Ես հռչակված առաջնահերթությունների հետ կապված խնդիր ունեմ, գոնե նվազագույնը ինքնիշխանության մասով»,-ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, խորհրդարանում ընթանում է ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումը։ Հավաքի բացմանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշել էր. «Համաժողովի ընթացքում մենք այսօր հստակ ամրագրում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնք կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն»։
Շարունակելով իր խոսքը՝ Մարուքյանն ասաց, եթե ԵԽԽՎ-ում որևէ մեկն իրեն հարց ուղղի՝ ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, որ դուք այն հռչակել եք առաջնահերթություն, ինքը պատասխանել չի կարողանա։
«Լավ կլինի, քանի որ հռչակել եք, ասեք, իմանանք, թե ինչ ենք ասելու»,-ասաց խմբակցության ղեկավարը։
Մարուքյանը, դիմելով հանդիպմանը մասնակից դիվանգիտական կորպուսի ներկայացուցիչներին, հիշեցրեց, որ նրանցից շատերը չեն փոխվել։
«Ի՞նչ ունեինք մենք մինչև հեղափոխությունը։ Ունեինք շատ լավ ձեռքբերումներ մինչև հեղափոխությունը։ Մենք ՀԱՊԿ միակ երկիրն ենք, որ ՆԱՏՕ-ի հետ ունենք այդքան խորը համագործակցություն։ Մենք ԵԱՏՄ միակ անդամ երկիրն ենք, որ ԵՄ հետ ունենք ստորագրված համաձայնագիր, որն այսօր ընթացքի մեջ է։ Դա հեղափոխությունից առաջ էր։ Հեղափոխությունից անցել է մեկ ու կես տարի։ Ի՞նչ ենք մենք ավելացրել այս եղածի վրա»,-ասաց Մարուքյանը։
Նա նշեց, մեկ ու կես տարվա ընթացքում որպես դրսում վաճառելու պրոդուկտ Հայաստանն ունի խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, այն արժեքները, դրանք հռչակվել են հեղափոխությամբ և գալիս են գումարվելու եղած ձեռքբերումներին։
«Բայց այդ գումարումը ես արդյունքով ասել չեմ կարող։ Գուցե ընթացքի մեջ է, մի մեծ բան ունենալու ենք։ Բայց մեկ ու կես տարի անցել է, ուզում եմ հասկանալ, թե այս ձեռքբերումը ինչպես ենք կարողացել վաճառել դրսում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանգիտությանը, ապա Մարուքյանն ասաց, ԵԽԽՎ-ում, ՀԱՊԿ-ում ու այլ կառույցներում ակտիվ սպասում են, եթե ինչ-որ նախաձեռնություն, բանաձև լինի, լծվեն գործի, պայքարեն դրա դեմ, որ այդ բանաձևը չընդունվի։
«Բայց ես կարծում եմ, որ պետք է պրոակտիվ դիվանագիտության մեջ լինենք, մեր խոսքը պետք է ասել բոլոր թեմաներով, կապ չունի, որ դրանք Արցախի կամ Հայաստանի հետ կապ չունեն։ Պետք է գործընկերներ, ընկերներ ձեռք բերենք, որպեսզի մի օր երբ ինչ-որ մեկը մեր դեմ բան նախաձեռնի, մենք ծանոթներ ման չգանք, ընկերներ ունենանք, որոնք կասեն՝ մի րոպե հըլը։ Ես կարծում եմ, որ այսօր կա այդ հնարավորությունը, պատգամավորների հնարավորությունները՝ թե կրթության, թե լեզուների իմացության առումով թույլ են տալիս ունենալ պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտություն»,-ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նաև դժգոհեց, հեղափոխությունից հետո նոր պրոդուկտ չկա, որ կարող են դիվանագիտները վաճառել։
«Կարող ենք պատմել, թե ոնց եղավ հեղափոխությունը։ Բայց դրանից հետո՞... դատական ռեֆորմը ի՞նչ եղավ, էն մյուս ռեֆորմներն ի՞նչ եղան։ Խորհրդարանականների համար սա մեր տնային աշխատանքն է, որ մեր դեսպանները ժողովրդավարության ներքո կարողանան ասել, թե ինչ է արվել, դա ստանդարտ է, դրանցով են չափելու»,-ասաց Մարուքյանն ու կարծիք հայտնեց, որ դիվանգետները պետք է առավել ակտիվ աշխատենք խորհրդարանականների հետ, ունենան տեղեկանքներ այդ երկում տեղի ունեցող անցուդարձից, իրադարձություններից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում