Չավուշօղլու. «Եթե չկարողանանք գնել F-35-ները, կփնտրենք այլ տարբերակներ»
Էստոնիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում Թուրքիայի այլընտրանքային տարբերակների, ինչպես նաև՝ Ղրիմի հարցի մասին: Տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Չավուշօղլուն նախ նշել է, որ Թուրքիան ստիպված էր ձեռք բերել S-400-ները, ապա անդրադառնալով ամերիկյան կործանիչների հարցին՝ ասել է.
«Մենք F-35-ների ծրագրում ենք։ Այս օրերին ԱՄՆ-ն որոշ խնդիրներ է ստեղծում, սակայն մենք դեռևս 9 երկրների հետ այս ծրագրի մաս ենք կազմում։ Թուրքիան արտադրում է F-35-ների որոշ մասեր։ Ցանկանում ենք այդ կործանիչները գնել և դրա համար վճարել ենք 1.4 մլրդ դոլար։ Ի վերջո, մենք ռազմական կործանիչների կարիք ունենք։ Եթե չկարողանանք գնել F-35-ները, կփնտրենք այլ տարբերակներ, սակայն մենք դա չենք նախընտրում»։
Թուրքիայի արտգործանախարարը ասուլիսի ժամանակ մեկ անգամ ևս վերահստատել է Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին անեքսիա (բռնակցում) է համարում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Նախօրեին էլ ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ F-35-ների ծրագրից Թուրքիային դուրս թողնելու գործընթացը կպահանջի 1 տարի։
Մյուս կողմից՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հետաքրքրվել էր ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռներով և դրանք գնելու ցանկություն հայտնել, ինչին Վլադիմիր Պուտինը դրական պատասխան էր տվել։