Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր էլ կատավարության շենքի դիմաց էին։
«Եթե մենք այսօր կանգնած ենք այստեղ, ապա ոչ մի հարց չի լուծվել»,-ասաց զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը։
Նա նշեց, մի քանի ամիս առաջ իրենց տեղեկացրել էին, որ աղմկահարույց 5 սպանությունները քննելու համար հանձնաժողով է ստեղծվել, սակայն մինչ օրս ոչ մի բան չի արվել։
«Մեզ ասել էին, որ Վալերի Մուրադյանի, ինչպես նաև տիկին Հասմիկի որդու՝ Տիգրան Օհանջյանի սպանության գործերն էլ են քննվելու։ Մեզ ասում էին, որ ձեր գործերը քննվում են, ուսումնասիրվում են, բայց ոչ մի արդյունք էլ չկա։ Կոնկրետ իմ գործը եղել է իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի մոտ, նա նյութեր է խնդրել քննչական կոմիտեից, իրեն ոչինչ չեն տրամադրել։ Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ խմբից ու հայտարարություն տարածեց։ Ուզում եմ ասել, որ այդ ամեն ինչը հանրության աչքին թոզ փչելու համար էր։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մինչև մեր երեխաներին սպանողներն իրենց արժանի պատիժը չստանան, մենք չենք հանգստանալու։ Մենք մեծ հույսեր ունեինք Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հույսը քիչ-քիչ մարում է, թող Փաշինյանը թույլ չտա, որ մեր հույսը մարի։ Ընենց չի, որ նա մեզ կկարողանա խաբել, մեզ ինը տարի չեն կարողացել խաբել»,-ասաց Վ. Մուրադյանի մայրը։
Սևազգեստ մայրերն ասացին՝ նեղսրտած են վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի պահվածքից։
«Օգոստոսի 15-ին դիմում ենք գրել նրան, որպեսզի մեզ ընդունի ու լսի մեզ։ Իրեն ուզում էինք ասել, քանի որ Փաշինյանի կինն է, զինվորի մայր, ուզում էինք մեզ ընդունի։ Մինչև էսօր թեկուզ մի տողով չի ասել, գիտեք, ցավում ենք, որ նման դեպքեր են տեղի ունենում, մենք ամեն ինչ անում ենք կանխելու... իր փոխարեն ես ասեմ խոսքերը»,-նշեց ծնողը։
Մի քանի օր առաջ՝ երկուշաբթի օրը Մուրադյանի մորը զանգահարում է Հակոբյանի գրասենյակի՝ Նանա անունով աշխատակիցը, ասում է, Հակոբյանը նրանց չի կարող ընդունել, քանի որ նախ Հայաստանում չի լինելու, համ էլ նրանց հարցերով չի զբաղվում։
«Բայց մենք ուզում էինք, որ Հակոբյանի միջոցով մեր խոսքը հասնի Փաշինյանին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գրասենյակից նաև ասել են, թե ֆինանսական օգնություն տրամադրել չեն կարող։
Նրանք զարմացած են. «Բայց լավ նայեք այս դիմումը։ Մի տո՞ղ կա ֆինանսական օգնության մասին։ Մենք ընդամենը ուզում ենք, որ այս անտարբերությունը վերանա։ Աննա Հակոբյանին էլ ասեինք, գիտե՞ք ինչ, տարիներ շարունակ կանգնած ենք ձեր կողքին, որ էսօր էդ աթոռներին նստել եք, պարտավոր էիք գոնե մի տողով գրեիք՝ ժամանակ չունենք։ Էդ ի՞նչ եք անում, որ սպանված զինվորների ծնողների համար ժամանակ չունեք»։
Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանն էլ նշեց, որ 12 տարի առաջ է սպանվել որդին, սակայն գործը դեռ նախքաննության փուլում է։
Հեղափոխությունից հետո վերաբացում են, քննաչկան մարմինները, գլխավոր դատախազությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, «կատարում են հանցագործություն, կեղծում են իրեղեն ապացույցները, ստացվում է նույն կարուսելը պտտվում է քննչական մարմիններում, դատախազություն, և չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի այդ մասին»։
Նա նշում է, որ հանձնաժողովի նախագահը ՊՆ Քննչական վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն է։
«Նա եղել Տիգրան Օհանջանյանի գործով եղել է երկրորդ քննիչը, որ կոծկել է, փչացրել է իրեղեն ապացույցները 2007 թ. սկսած: Ինքն իր դեմ քրեական գործ է հարուցելո՞ւ։ Ես բարձրաձայնել եմ այդ մասին»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին