ՔԿ-ն հաստատում է. Ամուլսարի գործով քննիչն ու նախկին նախարարը ազգականներ են, բայց կասկածել պետք չէ
infocom.am կայքն այսօր հոդված է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ:
Հիշյալ հրապարակման վերաբերյալ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։
«Սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ:
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում:
Մեկ նկատառում ևս, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է:
Եվս մեկ անգամ, հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար»,-ասված է ՔԿ-ի տարածած պարզաբանման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան