Ձկնային տնտեսությունները կպարտավորվեն 1 միավոր ջրի դիմաց ապահովել որոշակի արտադրանք
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծին։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ փոփոխության նպատակն է Արարատյան դաշտում, որտեղ կա 116 ձկնաբուծական տնտեսություններ, սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրն օգտագործելու արդյունքում ստացված արդյունաբերական արտադրանքի քանակը։
Ըստ նախարարի՝ երկու տարանջատում է առաջարկվում սահմանել։ Մասնավորապես, իշխան ձկնատեսակի համար մեկ լիտր վայրկյան ջրի ելքով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պետք է տարեկան արտադրողն ապահովի 700 կգ արտադրանք, թառափի համար՝ նվազագույնը 800 կգ արտադրանք։ «Նպատակն է, որ խրախուսվի շրջանառու ջրի օգտագործումը՝ կիրառելով այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք ներկայումս արդեն հասանելի են»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։
Կառավարությունը նաև հավանություն տվեց լիզինգով սարքավորումների ձեռքբերման դեպքում պետության կողմից որոշակի գումարի սուբսիդավորման առաջարկին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նշեց, որ լիզինգային ծրագիրը վերաբերում է այն սարքավորումներին, որոնք հնարավորություն են տալիս ջուրն ավելի արդյունավետ օգտագործել:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հայտնեց, որ ջրօգտագործման թույլտվությունների ծավալը տարեկան կազմում է մոտ 1 մլրդ 100 մլն խմ։
«Նոր թույլտվություններ չեն լինելու։ Խոսքն այն մասին է, որ մոնիտորինգի ժամանակ կբացահայտվեն այն ջրօգտագործողները, որոնք 1 միավոր ջրով ավելի քիչ ձուկ են արտադրում, քան հնարավոր է, և քանի որ այս ժամանակահատվածում կլրանա ջրօգտագործման թույլտվության ժամկետը, եթե այդ ժամանակահատվածում օրենսդրական փոփոխությունը կատարվի, պետք է համապատասխանեցնեն իրենց ծավալները, ինչը կնվազեցնի օգտագործվող ջրաքանակը»,- նշեց Էրիկ Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելեց, որ ձկնաարդյունաբերությունը տնտեսության կայացած ճյուղերից մեկն է և, բնական է, որ դրա արդյունքում ունեցել ենք լուրջ ռիսկեր և խնդիրներ:
«Կային հաշվարկներ, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որ 150-200 դոլարի ձուկ արտադրենք։ Ընտրությունը հետևյալն է՝ ասենք արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ ձկնաբուծության վրա ենք խաչ քաշում, որը էլի չենք կարող անել, քանի որ երկու դեպքում էլ հարվածում ենք տնտեսությանը: Դրա համար պետք է քայլ առ քայլ գնալ , որպեսզի ռիսկերն ու հնարավորությունները կառավարենք և գնաք հավասարակշռված լուծումների»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աջակցելու են տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում, սակայն մեկ պայմանով՝ համոզվելով, որ դրանց մրցունակությունն են բարձրացնում, այլ ոչ թե նրանց նստեցնում են աջակցության «թմրանյութի» ասեղի վրա, այլ օգնելու են, որ նրանք լինեն առավել ինովացիոն, մրցունակ, արդյունավետ:
«Հետևաբար՝ մենք այս ոլորտում շատ լուրջ խնդիր ունենք, բայց եթե փորձենք մի քայլով խնդիրը լուծել, հոնքի տեղը աչքը կհանենք»,-ընդգծեց վարչապետը։
Նա միաժամանակ ասաց, որ աջակցությունը չի կարող հավերժ լինել. «2023 թիվը վերջին ժամկետն է, որ այս խնդիրը պետք է լուծված լինի։ Իքս պահ պետք է գա, որ եթե ձկնաբուծարանները չհամապատասխանեն չափանիշներին, պիտի փակվեն»։