Տիգրան Հովհաննիսյան. Դիմենք Ռուսաստանի նախագահին, որ Հայաստանի համար քայլ անի
ՌԴ նախագահի աշխատակազմն արձագանքել է ՀՀ ավտոներկրողների՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին՝ կապված 2020 թվականից մեքենաների ներմուծման մաքսային վճարների հետ։
Լրագրողների հետ հանդիպմանը Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ պատասխանի համաձայն ՀՀ կառավարության հետ քննարկում են մաքսային նոր դրույքաչափերը, մաքսային նոր չափանիշները, նշել են նաև, որ դիմեն հենց ՀՀ կառավարությանը։ Նա ասաց, որ դրանից հետո զանգահարել և խոսել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Հովից Ազիզյանի հետ, հարցել է, թե այդո՞ք կան նոր չափանիշներ։
«Ասում են՝ կա այդպիսի բան։ Մեյլով եմ ստացել, արդեն հայերեն է թարգմանված մինչև 7 տարեկան մեքենաների դրույքաչափերը»,- նշեց նա։
Տ. Հովհաննիսյանն ասաց, որ այդ նոր չափանիշների համաձայն, 1-7 տարեկան մեքենաների դեպքում մաքսադրույքներն ավելի էժան են լինելու, քան հիմա է։
«Երկրորդ նամակով Ռուսաստանի նախագահին խնդրել եմ մեր՝ Հայաստանի համար 7 տարին երկարաձգի մինչև 10 կամ 15 տարեկան։ Սեպտեմբերի 11-ին հավաքվելու ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դիմաց, նաև այդպես դիմենք Ռուսաստանի նախագահին, որ Հայաստանի համար քայլ արեք, գոնե մեկ տարով երկարաձգեք 7-ից 15 տարեկան, հետո ներից կանդրադառնան»,- ասաց նա։
Տ. Հովհաննիսյանի խոսքով, կառավարությունից պետք է հարցնել, թե ինչու չեն հայտարարում ՌԴ հետ այդ քննարկումների մասին։
«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ դիմել են ՌԴ ղեկավարին, որովհետև ՀՀ կառավարությունից այսքան ժամանակ իրականացված միջոցառումների շրջանակում որևէ լուրջ արձագանք, վերաբերմունք չեղավ։
«Բազմաթիվ անգամ կառավարության շենքի առաջ եղել են ակցիաներ, հարցը բարձրացվել է, դիմել ենք կառավարությանը, սակայն ձայն չկա, ոնց որ դիմենք պատին։ Մենք իրավունք ունենք տեղյակ լինելու մեր կառավարության քաղաքականությունից, որը վերաբերում է մեր ապագային, մեր անձնական շահերին։ Հարգելի կառավարություն, հանրայնացրեք ակնկալով, սպասող որոշումները, որպեսզի հայ տնտեսավարողները չկանգնեն կայացած փաստի առաջ»,- ասաց Գ. Հովհաննիսյանը։
Տիգրան Հովհաննիսյանը չի հասկանում, թե ինչումն է գաղտնիությունը։
«Կասկածելի է, թե ինչու այդ մասին մեկ ամիս առաջ չեն հայտարարում։ Այսօր մարդիկ 25 հատ ավտո են առնում»,- ասաց նա։