Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն
Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում Պաշտպանը ծանոթացել է ազատազրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ներառյալ՝ նրանց պահման պայմաններին, վերաբերմունքին առնչվող իրավիճակին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի իրացմանը, առողջության պահպանման ու սննդի ապահովման պայմաններին և մի շարք այլ ուղղությունների: Բացի խցերում փակ հանդիպումների կազմակերպումից, Պաշտպանն իր շրջայցի ժամանակ նաև առանձնազրույցներ է ունեցել մի խումբ ազատազրկված անձանց հետ:
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:
Ազատությունից զրկված անձանց կողմից հարցեր են բարձրացվել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը իր իրավասության շրջանակներում կձեռնարկի օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան