Փաստաբանն օրենքով գողերին պատժելու վերաբերյալ նախագիծն անիմաստ է համարում
Օրենքով գողերին ու քրեական հեղինակություններին պատժելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները երեկ հավանության արժանացան գործադիր մարմնի հերթական նիստում։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարը, դրա նշանակությունը խիստ կարևորեցին վարչապետը, գլխավոր դատախազը, նաև ՄԻՊ-ը։
Panorama.am-ը փաստաբան Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են կարևոր օրենսդրական այդ փոփոխությունները, քրեական հեղինակությունների թիվը Հայաստանում ավելացե՞լ է, թե՞ եղածներն են ակտիվացել։
«Ճիշտն ասած, ես նման օրինագծի անհրաժեշտություն չեմ տեսնում Հայաստանում։ Քրեական հեղինակություններ այստեղ կան, բայց հասարակական կյանքի վրա նրանք չեն թողնում այն ահռելի ազդեցությունը, ինչպես Ռուսաստանում կամ Վրաստանում, որտեղ ստիպված էին նման օրենքներ ընդունել։ Այնտեղ այդ մարդիկ արդեն սպառնալիք էին ազգային անվտանգության համար։ Մեզ մոտ այդ վիճակը երբեք չի եղել»,-կարծիք հայտնեց փաստաբանը։
Նրա խոսքով, օրենսդրական նախագծերում առկա ձևակերպումներն էլ խնդրահարույց են ու անհասկանալի։
«Նշվում է՝ քրեական ենթամշակույթ կամ աստիճանակարգության բարձրագույն կոչում։ Անգամ ստիպված եմ մի քիչ հումորով անդրադառնալ սրան։ Օրինակ, «Կնքահայրը» ֆիլմը դիտելը քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՞ ոչ։ Կամ ասենք, սիցիլիական մի մաֆիայի մի ղեկավար գա Հայաստան, պե՞տք է կալանավորեն ու 7-10 տարի նստացնե՞ն»,-հարցեր է հնչեցնում Panorama.am-ի զրուցակիցը։
Նրա համար փոփոխություններում առկա ձևակերպումները հասկանալի չեն դարձնում, թե որտեղ է ու ինչպես ձևավորվում քրեական ենթամշակույթը, ի՞նչ կանոններ են, ի՞նչ աստիճանակարգություն։
«Դրանք իրավական ձևակերպում չունեն, չկա որոշակիություն ու հստակություն։ Իսկ եթե չկա որոշակիություն, օրենքն արդեն օրենք չէ, իր նպատակին չի ծառայի։ Իմ կարծիքով, սա անիմաստ օրենք է։ Ասենք, տասը օրենքով գող ունենք երկրում, հիմա բոլորին եթե բանտ ուղարկեն, դրանից երկրում քրեական իրավիճակը չի փոխվի»,-ասաց նա։
Հարցին, թե ինչու հենց այսօր նման նախագիծ առաջ բերվեց, Աթանեսյանը պատասխանեց. «Դրա առաջնահերթությունը կամ անհրաժեշտություն չի տեսնում։ Երևի նպատակները քաղաքական են, իսկ ես քաղաքական մեկնաբանություններ չեմ ուզում տալ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան