Թուրքիայի համախառն արտաքին պարտքը 2002-2019թթ․ ավելացել է շուրջ 350 տոկոսով
Թուրքիայի համախառն արտաքին պարտքը տարեցտարի ավելանում է։ 2002-2019թթ․ ընկած ժամանակահատվածում այդ պարտքը ավելացել է 349․9 տոկոսով՝ 130 մլրդ դոլարից հասնելով 453 մլն դոլարի։ Համախառն արտաքին պարտքը ներառում է մասնավոր և պետական սեկտորների, ինչպես նաև Կենտրենական բանկի՝ այլ երկրների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Բացի արտաքին պարտքի աճից՝ կարևոր ցուցանիշ է նաև արտաքին պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը։ Այս առումով էլ՝ սկսած 2013թ․-ից, տարեցտարի աճ է գրանցվել։ Եթե 2013թ․ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմում էր երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 41․3 տոկոսը, ապա 2016թ․ այն կազմում էր արդեն ՀՆԱ-ի 47․5 տոկոսը, իսկ 2019թ․ առաջին քառորդում՝ 60․6 տոկոսը։
Նշենք նաև, որ 2019թ․ առաջին քառորդում գրանցված 453 մլրդ արտաքին պարտքը Թուրքիայի վերջին տասնամյակների պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ 1989թ․-ից հետո նման ռեկորդային արդյունքներ են գրանցվել միայն 2017թ․ 4-րդ քառորդում (455․391 մլրդ դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 53․5 տոկոսը), 2018թ․ 1-ին քառորդում (467․137 մլրդ դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 52․9 տոկոսը) և 2018թ․ 2-րդ քառորդում (457․784 մլրդ դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 51․9 տոկոսը)։
Մյուս կողմից՝ 2019թ․ առաջին քառորդին գրանցված արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 1989թ․ -ից մինչ օրս գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ աճը մասամբ պայմանավորված է նաև ՀՆԱ-ի ցուցանիշի անկմամբ։ Հավելենք, որ արտաքին պարտիք և ՀՆԱ-ի հարաբերակցության ամենաբարձր ցուցանիշը ավելի վաղ գրանցվել էր 2002թ․ (59.8 տոկոս)։