Հայկ Մարության. Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից
Նոր երթուղային միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Այս տվյալները ներկայացրել է Երևանի քաղաքապեը Հայկ Մարությանը՝ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:
«Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորին մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, և քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, տրանսպորտային խնդիրներից: Հաշվի ենք առնում նաև բնապահպանական խնդիրները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար»,- նշել է Մարությանը:
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:
Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին:
Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի)ավարտվում են: Համեմատության համար նշենք, որ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս:
Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները պետք է ներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան