Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում այսօր հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը: Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում` որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ տարեդարձի առթիվ նրան հանձնել են ՀՀ նախագահի «Երախտագիտության մեդալը»։ Այն Մարիամ Տոնյանին շնորհվել է երկարամյա աշխատանքի համար` ՀՀ վարչապետի միջնորդությամբ:
Մարիամ Տոնյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հարազատ դպրոցին, սիրելի կոլեկտիվին սաներին, պետությանը. «Ես միշտ գոհ եմ եղել իմ աշխատանքից և այսօր էլ շնորհակալ եմ «Երախտագիտության մեդալի» համար»,- նշել է նա:
Հոբելյանական միջոցառումը շարունակվել է տոնական համերգով, որի սկիզբը Մարիամ Տոնյանի խնդրանքով ազդարարվել է Առնո Բաբաջանյանի «Պոեմ» ստեղծագործությամբ` Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, հոբելյարի նախկին աշակերտ Անահիտ Ներսիսյանի կատարմամբ:
Տոնական ցերեկույթին ներկա են եղել Մարիամ Տոնյանի ներկա և նախկին սաները, ընտանիքի անդամները, նրա մեկդարյա կենսագրության գործընկերները: