Տիգրանակերտյան նոր բացահայտումներ
Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները տևել են 40 օր, ավարտվել են օգոստոսի 26-ին։ Panorama.am-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ որպես կանոն Տիգրանակերտի պեղումները ֆինանսավորում է Արցախի իշխանությունը, այս տարի Արցախի ԱԺ որոշմամբ հատկացվել է 18 միլիոն դրամ, բավարար է եղել կատարել հնագիտական պեղումներ 40 օր՝ ներգրավելով 30 բանվոր, հնագիտական արշավախումբ, ներառելով նաև հնագիտական իրերի վերականգնման, տեղափոխման, լուսանկարման և այլ ծախսեր։
Հնագետի ներկայացմամբ, որպես կանոն Տիգրանակերտում պեղումներ են իրականացնում երեք հիմնական վայերում։ Այս տարվա պեղումների ընթացքում ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատը մոտավորապես 20 մետր առաջ են գնացել։ Պատերը շարված են շատ հզոր կրաքարե բլոկներով, իրար հետ ամրացված են ծիծեռնակապոչ կապերով: Այս տարի պատի բարձրությունը կազմում է մոտ 2 մետր։ Պարիսպը ձգվում է դեպի արևմուտք, հարավ։ Արշավախումբը հույս ունի, որ մի քանի տարուց կավարտեն ողջ պարսպապատի պեղումները։ Հ.Պետրոսյանի խոսքով, պարսպապատի պեղումները շատ կարևոր են, որովհետև ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի։
«Կարծեք էտալոնային է, վկայում է Տիգրան Մեծի նախաձեռնության մասշատաբայնությունը, որը հավաքել էր փոքրասիական, հայկական ամենահայտնի ճարտարապետնեին, վարպետներին, հզոր քաղաք է կառուցել»,- ասաց արշավախմբի ղեկավարը։
Այս տարի շարունակվել է երկրորդ անտիկ թաղամասի պեղումները։ Առաջին թաղամասի պեղումները մասամբ ավարտված են։ Հ.Պետրոսյանի ներկայացմամբ, այդ թաղամասերը ստեղծվել են ամրոցին զուգահեռ մ.թ.ա. 1 դարի սկզբներին, նույնպես ուղիղ հատակագծով, հզոր պատերով առանձին տնտեսական բնակելի համալիրներ են։
«Այստեղ ունենք մի քանի մշակութային շերտ՝ կառուցված Տիգրանի ժամանակ, մ.թ. 1-ին դարում, վաղ միջնադարում։ Շատերի պես իրար վրա նստած են, հին պատերը վերանորոգվել են, ավելացվել են նոր պատեր, բացվել են նոր թոնիրներ»,- ասաց նա։
Հնագետի խոսքով, կարևոր է հնագիտական նյութը, որը հիմնականում խեցեգործական արտադրանք է՝ ամբողջական ջրամաններ, կարասներ, զանազան տիպի պուլիկներ. «Հատկապես նշելի է գունազարդ խեցեղենի հարստությունը, որը տարածաշրջանի համար ֆենոմենալ է։ Կովկասում չունենք մի որևէ հուշարձան, որն այդքան բազմազանությամբ գունազարդ և սև փայլեցված խեղեցենի օրինակներ է տալիս։ Սա ցույց է տալիս, որ Տիգրանակերտը տարածաշրջանային կենտրոնի դեր է խաղացել, ճաշակ է թելադրել»։
Պեղված երրորդ հիմնական տարածքը վաղ քրիստոնեական հրապարակն է, որտեղ արդեն բացվել են երկու եկեղեցիներ, դամբարան, տապանաբակ, վաղ քրիստոնեական կոթողի մնացորդները։ Հ. Պետրոսյանն ասաց, որ այս տարի որոշել էին ընդարձակել հարավային բակը, պեղումները դեռ ընթանում են 12-13 դարերի շերտերում։
«Այստեղ հատկապես հետաքրքիր են շատ ընդարձակ համալիրները, որոնք ունեն կրաշաղախի սվաղած հատակներ, ընդարձակ թոնիրներ։ 12-13-րդի ջնարակապատ խեղեցենի գյուտերը նշանակալի են։ Գտել ենք ափսե, ներսը գունազարդ արծիվ է պատկերված, ինչը ցույց է տալիս քաղաքի հարստությունը», -ասաց հնագետ։
Հ. Պետրոսյանը նշեց, որ այս տարի նախաձեռնել են նաև Տիգրանակերտի դիմաց գտնվող լեռան՝ Ցիցսարի գագաթին պեղումներ, հաջողվել է պեղել վաղ քրիստոնեական մի դամբարան-մանսունքարան՝ ստորգետնյա, սրբատաշ քարերով, պատուհաններով, հատակին փռված էին սրբերի ոսկորների մնացորդները։ Ֆրանսիայից մարդաբան է ժամանելու՝ պարզելու սեռը, տարիքը, նաև ժամանակագրությունը։
«Հետքերը նկատել էինք, բայց բացարձակապես չէինք սպասում, որ կբացվի 3x4-ի վրա ստորգետնյա սրբատաշ քարերով, հատուկ մուտքով, պատուհաններով կառույց։ Դրա կողքը կա մեկ ուրիշ եկեղեցական կառույց, մնացորդները պահպանվել են, հույս ունենք հաջորդ տարի ավելի մեծ, հետաքրքիր կառույց կբացենք։ Սա հնարավորություն է տալիս խոսելու, որ Տիգրանակերտը լանդշաֆտային հուշարձան է, բազմաթիվ համալիրներից է բաղկացած, ցրված է մոտավորապես 100-150 հեկտարի վրա»,- ասաց արշավախմբի ղեկավարը։
Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ Տիգրանակերտը, ըստ էության, երևան է բերում շատ հզոր քաղաքի մի պատկեր, որը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջերը։
Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
- Տիգրանակերտի կերպարի որոշակի կարևոր կետեր արդեն բացահայտված են. Հ. Պետրոսյան
- Տիգրանակերտի հետազոտությունը շատ նոր խնդիրներ առաջ քաշեց. Արշավախմբի ղեկավար
- «Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները» ներկայացվել են Լիոնում կայացած միջազգային կոնգրեսում
- Նոր բացահայտումներ՝ Տիգրանակերտից (լուսանկարներ)
- Տիգրանակերտի հետազոտության, ձեռքբերումների և խնդիրների մասին (տեսանյութ)
- Տիգրանակերտի պեղումների այս տարվա արդյունքները (լուսանկարներ)
- Ադրբեջանցիները խեղաթյուրում են փաստերը Արցախի Տիգրանակերտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան