Դիվանագետները Գյումրիում են
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր այցելել են Գյումրի։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց, որ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա հավաքի այս տարվա ձևաչափը տարբերվում է, քանի որ նրանք առաջին անգամ են այցելում մարզ։
«Նպատակն է՝ ծանոթանալու մարզերում առկա հնարավորություններին, ինչպես նաև խնդիրներին։ Դա հնարավորություն կտա արտերկրում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև նպաստելու երկկողմ և բազմակողմ ծրագրերի ավելի արդյունավետ իրագործմանը»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ համաժողովի շրջանակներում արդեն իսկ քննարկել են Հայաստանի զարգացման ծրագրերը, դիվանագետները հանդիպել են բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ և նա հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպման ժամանակ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների ներկայացրած ծրագրերը ևս կուսումնասիրվեն դիվանագիտական կորպուսի կողմից և դրանց իրագործման համար համապատասխան գործընկերներ կգտնեն արտերկրում։
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ Գյումրին արագ տեմպերով զարգանում է և այսօր կարող են ասել, որ պատմական օր է, քանի որ առաջին անգամ են դիվանագետները հանդիպում մարզպետների հետ, որպեսզի քննարկեն այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մարզերի, քաղաքների զարգացմանը։
«Որպես քաղաքապետ՝ իմ մտահոգությունը Գյումրին է։ Այսօր ունենք շատ խնդիրներ, որոնք պետք է կարողանանք ներկայացնել ճիշտ, որպեսզի նաև ձեր միջնորդությամբ կարողանանք շատ ծրագրեր իրականացնել, ներդրումներ բերել և քաղաքը զարգացնենք»,- նշեց քաղաքապետը։
Սամվել Բալասանյանի խոսքով՝ իրենց նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որ Գյումրին՝ որպես մշակութային և սպորտային քաղաք, դառնա նաև զբոսաշրջային կենտրոն։ «Դրա համար անհրաժեշտ են համապատասխան ծառայություններ, ուստի խնդրում եմ՝ աջակցեք, որպեսզի Գյումրում նման ծրագրեր իրականացնենք»,- ընդգծեց քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Դիվանագետներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Եռաբլուր զինվորական պանթեն
- Դիվանագետները կմեկնեն նախ Գյումրի, ապա Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում