Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Միանշանակ, բողոքարկելու ենք կալանավորման որոշումը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա եղբոր որդին՝ Կարեն Խաչատրյանը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվեցին։ Միջնորդությունը դատարան ներկայացրել էր ԱԱԾ-ն՝ ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում։
Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայատարել է, որոշումն ապօրինի է։ Նաև ասել է՝ անպայման բողոքարկելու են որոշումը, դատարանում իրենց կողմից ներկայացված հակափաստարկներին ի պատասխան հիմնավորումներ չեն հնչել։
«Եվ դա անհնար էր, քանի որ գործի նյութերում հիմնավորումներ չկան, որոնք մեր հակափաստարկները կարող էին չեզոքացնել։ Մինաշանակ կբողոքարկեմ կալանավորման որոշումը։ Վերջերս մենք հույս ունեինք, որ դատարաններն ավելի օբյեկտիվ են ու արդար։ Բայց ստացվեց, որ երեք օրվա քննությունը ձևական է, նշանակություն չուներ, թե կողմերը ինչ փաստեր էին ներկայացնում, ինչ առարկություններ էին հնչում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ քրեական գործ հարուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում ազատության մեջ գտնվող Գագիկ Խաչատրյանը ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորել, քննությանը չի խոչընդոտել։
«Էլ չեմ ասում, խուզարկության օրը ինքնակամ Երևանից մեկնել է Ծաղկաձոր, ներկա եղել խուզարկությանը։ Մեր առարկությունների ժամանակ, խնդրեցինք մի քանի անգամ, եթե բավարարելու է միջնորդությունը՝ հիմքերին անդրադառնան, հակառակ դեպքում դա կլինի չպատճառաբանված ու անօրինական որոշում։ Ես թերթեցի որոշումը, տեսա, մեր կողմից բերված որևէ փաստարկի անդրադարձ չի եղել։ Բայց դատարանը կայացրեց այն որոշումը, որը կայացրեց»,-ասաց փաստաբանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Քննվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
- Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
- ՀՔԾ-ում քննվող գործով Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի
- Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան