Դրենաժային համակարգի պահպանման գործում ցանկանում են նվազեցնել պետության բեռը, ներգրավվել ձկնաբուծարաններին
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնակայն կայքւոմ երեկ տեղադրվել է Ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Առաջարկվում է օրենսգրքի հոդվածներից մեկը ավելացնել մի կետով՝
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվող սուբյեկտների հաշվառումը, այդ համակարգերից օգտվելու համար սահմանված կարգով վճարման պայմանագրերի կնքումը և վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը»:
Հիմնավորվում է, որ հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի և հարակից տարածքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաև հողերի գերխոնավացման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման և ալկալիացման ռիսկերը նվազեցնելու նպատակով սույն որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որը Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի համաձայն հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ընդունել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգ` համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության և դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով հաշվառելու այդ սուբյեկտներին, համակարգերից օգտվելն իրականացնելու պայմանագրային հիմունքներով՝ սահմանելով շահագործող կազմակերպության մատուցած ծառայությունների (օրինակ` հետադարձ ջրերի տեղափոխում համակարգով) վճար։
Օրինագծի հեղինակների կարծիքով, դա կապահովի ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգի շահագործման ու պահպանման աշխատանքներին` նվազեցնելով պետության բեռը:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից: Ընդունումից հետո ակնկալվում է դրենաժային համակարգի մաքրման պարբերականության մեծացման արդյունքում մինչև 330 կմ ընդհանուր երկարությամբ համակարգի մաքրում, արդյունքում` շահագործման և պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացում, համակարգի սպասարկման տակ ընկած խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում և այլն:
Ջրպեըկոմիտի հրապարակած տվյալների համաձայն, հանրապետության դրենաժային համակարգերի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1695 կմ, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90%): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 մ3/վրկ կամ 1145,0 մլն մ3/տարի՝ ապահովելով ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և վերջին հաշվով՝ Արաքս գետ:
Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ դրենաժային համակարգերը ծառայում են նաև տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար: Ձկնաբուծական տնտեսությունների աճի հետ զուգահեռ մեծացել է նաև այդ տնտեսություններից ցամաքուրդային (դրենաժային) համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 մ3/վրկ կամ 809 մլն մ3/տարի), որը բերում է այդ համակարգերի պահպանման և շահագործման լրացուցիչ ծախսերի:
Պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով հանրապետության դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը վերջին տարիներին կազմել է միջինը 290 մլն դրամ, որով հնարավոր է լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց:
Այնինչ յուրաքանչյուր տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու, հողատեսքերը բացասական կենսաբանաքիմիական կազմի նյութերից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ (այդ թվում` 185 կմ ձկնաբուծական տնտեսությունների ազդման գոտի) ցամաքուրդային (դրենաժային) ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտ գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ջրօգտագործման 20 համակարգի ներդրման գործընթացը
- Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգը վերականգնվում է. աշխատանքը կավարտվի օգոստոսի վերջին