Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. ՀՊՏՀ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակցիներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունել են ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցել լսարաններ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:
Ըստ հաղորդագրության՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջել է համալսարանում, շնորհավորել առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ:
«Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց և ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլև գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաև Ուսանողական գիտական ընկերության նոր ձևաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների և հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշել է Դիանա Գալոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագիտականի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում
- ԲՈԿ. Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո
- Սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել իմ գիտական աստիճանից. Ռուբեն Հայրապետյան