Հայաստանում կա 445 դպրոց, որոնց աշակերտների թիվը չի անցնում 100-ը
2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում գործել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1 409 հաստատություններ, որից 549-ը՝ քաղաքներում, 860-ը՝ գյուղերում։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2018-2019 թթ-ին դպրոցներում սովորել է 382 378 աշակերտ, որից 138 807-ը՝ գյուղերում։ Նշված ուստարում հանրապետությունում առաջին դասարան է հաճախել 38 674 երեխա։
Դպրոցներում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 83%, ընդ որում, տարրական դպրոցում այն կազմել է 91.1%, հիմնական դպրոցում՝ 89.4%, ավագ դպրոցում` 59.9%: Աշակերտների զուտ ընդգրկվածության ցուցանիշը տարրական դպրոցում կազմել է 88.2%, հիմնական դպրոցում ` 87.8%:
Նշենք նաև, որ հանրապետությունում գործում է 46 ոչ պետական դպրոց, որից մեկը՝ գյուղական համայնք։
Ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, Հայաստանում հանրակրթությունն իրականացվում է հիմնականում միահերթ ուսումնական հաստատությունների կողմից։ Ըստ վիճակագրության, միահերթ հանրակրթական հաստատությունների թիվը կազմում է 1 287, երկհերթ դպրոցներինը՝ 72, եռահերթ դպրոցները 4-ն են, իսկ գիշերօթիկ և երկարօրյա ուս.հաստատությունները, համապատասխանաբար, 21 և 73։
Հայաստանում գործող 1409 դպրոցներից 445-ն ունեն մինչև 100 աշակերտ, մինչև 300 աշակերտ ունեցող 516 դպրոց կա, մինչև 500՝ 239, մինչև 700 աշակերտ՝ 100 դպրոց, մինչև 1000 աշակերտ՝ 68, իսկ 1000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների թիվը հասնում է 41-ի։
Ըստ վիճակագրության՝ 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թվաքանակը կազմել է 34 676 մարդ, որոնց 90.5%-ը կատարել է միայն ուսուցչական աշխատանք, իսկ 9.5%-ը վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ։