Բաղանիսի նոր մանկապարտեզը՝ սահմանից հեռու անվտանգ տարածքում
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում այսօր նորակառույց մանկապարտեզն իր դռները բացեց երեխաների առջև։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզը կառուցվել է գյուղի անվտանգ տարածքում:
«Կարևորն այն է, որ սահմանից հեռու է, թշնամու նշանառության տակ չի գտնվում։ Եւ այսուհետ բաղանիսցի փոքրիկները կհաճախեն ապահով և հարմարավետ մանկապարտեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր շենքը բավականին գեղեցիկ է, գտնվում է գետի ափին, այն ունի ջեռուցման համակարգ, տաքացվող հատակ, դրսի խաղասրահ, ամառային թատրոն։
Մանկապարտեզը կառուցվել է ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը սկսվել է 2018 թ-ի սեպտեմբերին և ավարտվել այս տարվա հունիսին։
«Պաշտոնական բացումը եղել է հունիսին, սակայն արձակուրդների ժամանակ այն չի գործել, այդ ընթացքում որոշ կիսատ մնացած գործերն ենք ավարտել և այսօրվանից են երեխաները մանկապարտեզ հաճախում»,- նշեց գյուղապետը։
Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 1991թ-ից մինչև 2013թ-ը մանկապարտեզ չի եղել։։ Խորհրդային տարիների մանկապարտեզը պատերազմի ժամանակ գնդակոծության հետևանքով դադարեցրել է իր գործունեությունը: 2013թ-ին գյուղապետարանի առաջին հարկի սենյակներից մեկը վերանորոգել են և 6 տարի այն գործել է որպես մանկապարտեզ։
Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Բաղանիսի նորակառույց մանկապարտեզն այսօր հանդիսավոր կբացեն
- Բաղանիսի երեխաները միայն խաղաղության մասին են երազում ու ապրում խաղաղության երազանքով
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան