Քաղաքական 10:27 02/09/2019 Հայաստան

Սերժ Սարգսյան. Արցախի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ։ 

Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:

Համահայկական հոգատարության և սիրո բազմաթիվ վկայություններ կան Արցախում, որ ստեղծվել են անցած շուրջ երեք տասնամյակում` ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ, բնակարաններ… Եվ այդ ամենն իրողություն է դարձել աշխարհի չորս կողմերում և մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներից լումա առ լումա հավաքված միջոցների շնորհիվ` ազատ ու անկախ Արցախը օր առաջ հզոր և անվտանգ տեսնելու ցանկությամբ:

Արցախը 28 տարի առաջ իր հաստատուն ուղին ընտրեց և այդ անբեկանելի որոշումը կայացրեց` թիկունքին զգալով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում և աշխարհի բազմաթիվ հայաշատ քաղաքներում բռունցքները վեր պարզած բազմահազար հայորդիների միասնության ուժը:

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում: Այսօր դա նույնքան վտանգավոր է, որքան կարող էր լինել ազատամարտի տարիներին: Չգիտակցել դա` նշանակում է վտանգի տակ դնել Հայրենիքը հանուն այսրոպեական, անձնական, քաղաքական կամ այլ անցողիկ շահերի:

Այսօր ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել իմ մարտական ընկերներին, այդ թվում` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նախորդ բոլոր ղեկավարներին:

Մեծարգո՛ նախագահ Սահակյան,

Խնդրում եմ իմ շնորհավորանքը փոխանցել նաև Արցախի Ազգային ժողովի նախագահին, պետական նախարարին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել և այսօր ունեն Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում, բոլոր այն հերոս տղաներին, որ պատերազմի դաշտում իրենց կյանքը վտանգելով պաշտպանեցին պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու արցախցիների իրավունքը: Փառք նրանց և խոնարհում մեր նահատակված հերոսների պայծառ հիշատակի առջև, քանզի միայն իր հերոսներին արժևորող ժողովուրդը կարող է հետագա հաղթանակներ ունենալ:

Այսօր էլ մեր զավակներն են Արցախի պետական սահմանին նույն նվիրումով կատարում իրենց պարտքը` պաշտպանելով իրենց հայրերի ու պապերի կյանքի գնով նվաճված անկախությունը: Աստված զորավիգ և պահապան մեր զավակներին:

Ինչպես տարիներ շարունակ ասել եմ, այսօր ևս ցանկանում եմ կրկնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մեր համազգային տոնի առթիվ մաղթում եմ Արցախին խաղաղություն, կայունություն, բարօրություն և նորանոր հաջողություններ պետականաշինության գործում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}