Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող տղաները սովորում են կազմել գրագետ բիզնես պլաններ
Վիրավոր զինվորների համար իրականացվող կրթական ծրագրի շրջանակում Զինվորի տանը մեկնարկել է բիզնես պլանավորման դասընթաց:
Ինչպես տեղեկանում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից, դասընթացը վարում է Վահագն Ոսկանյանը, ով ավարտել է Օքսֆորդի համալսարանը, ունի 20 տարվա փորձ ոլորտում։
Նա կամավոր հիմունքով վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին սովորեցնում է բիզնես պլանավորում, բիզնես պլանի կազմում:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում հյուրընկալել նաև հաջողակ գործարարների, որոնք կկիսվեն իրենց փորձով: Դասընթացի ավարտին զինվորները կկարողանան կազմել գրագետ բիզնես պլաններ, կսովորեն ներգրավել ներդրողների ու ստեղծել իրենց համար եկամտի կայուն աղբյուր: