Ալումյան. Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։ Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունենք դատարանից, նա պատասխանեց, որ փաստաբաներն ակնկալիքներից չպետք է խոսեն. «Մեզանից կախված ամեն ինչ արել ենք։ Ինչ որոշում կկայացնեն, չեմ կարող ասել»։
Հ.Ալումյանն ասաց, որ ՍԴ քննում է Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականությունն այն մեկնաբանմամբ, որ այսօր դատարաններն են այդ հոդվածին տալիս։
Փաստաբանի խոսքով, ՍԴ-ն չի քննարկում ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը, թե ոչ, այլ քննարկում է Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը, նաև այդ օրենքի սահմանադրականության հարցը ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։
«Եթե այդ օրենքը ճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին, եթե այդ օրենքի այդ դրույթը ճանաչվի հակասահմանադրական ամբողջությամբ, կամ որոշ չափով, կամ այդ օրենքի իրավակիրառական պրակտիկան կճանաչվի հակասահմանադրական, դրանից հետո...»,- ասաց Հ. Ալումյանը։
Հարցին, թե այդ դեպքում կվերացվի՞ մեղադրանքը, պաշտպանն ասաց. «Նայած ինչ ձևակերպումներ կլինեն ՍԴ պատճառաբանական մասում։
Եթե Սահմանադրական դատարանն ընդունեց մեր բերած բոլոր փաստարկները, մեկնաբանություններն այնպես, ինչպես մենք ենք ներկայացրել, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Ակնհայտ է՝ իրավիճակ է ստեղծվում, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն. Ալումյան
- ՍԴ նախագահ. Կհորդորեմ ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, այլև այնպիսի քայլերից, որոնք կարող են ճնշումների ընկալում առաջացնել