Արսեն Թորոսյանն անհիմն մեղադրում է «Ժողովուրդ» օրաթերթին, սա խոսքի ազատության դեմ անընդունելի քայլ է. «Մեդիա Պաշտպան»
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն ուսումնասիրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան լայվը։ Մանրամասները՝ ստորև:
«Նախարարը մեկնաբանում էր իր շուրջ ծավալվող սկանդալները։ Լայվի ընթացքում Արսեն Թորոսյանը՝ նախկին կամ ներկա աշխատակիցների հետ ունեցած անձնական խնդիրները բարձրաձայնելուց զատ, անդրադարձ կատարեց նաև «Ժողովուրդ» օրաթերթին։
Նախարարը լրատվականին մեղադրում է իր դեմ արշավ սկսելու և պատվերով հոդվածներ հրապարակելու մեջ. «Այս ամեն ինչը սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ, երբ մենք ցանկանում էինք Երևանի պետական բժշկական համալսարանի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին և նշանակելով նոր մարդկանց։ Այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ՝ հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր ԵՊԲՀ-ի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով»,- լայվի ընթացքում նշել է նախարարը։
Արսեն Թորոսյանն անհիմն մեղադրում է լրատվականին և որևէ կերպ չի փաստարկում իր խոսքերը։ Լրատվականը կատարել է իր գործը և եթե, ինպես նախարարն է նշում, լրատվամիջոցում տեղ են գտել անհիմն շահարկումներ, ապա ինչո՞ւ չկան դատական հայցեր։ Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը անձի պատվին և արժանապատվությանը հասցված վնասների մասով համապատասխան հոդվածներ է պարունակում։
Գուցե Արսեն Թորոսյանը չի տիրապետում իրավիճակին, և իրեն սխալ են զեկուցում հոդվածների բովանդակությունը, բայց լրատվականին անհիմն մեղադրելն անընդունելի է։ Սա խոսքի ազատության դեմ անընդունելի քայլ է ևս մեկ ապացույց, թե ինչու է Արսեն Թորոսյանի դրական իմիջը լրատվական դաշտում արագ «մսխվում» (տե՛ս «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության մշտադիտարկումները)։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը, պատրաստ է աջակցել լրատվականին ներպետական և միջպետական բոլոր հնարավոր իրավական միջոցներով՝ լրատվականի իմիջին և արժանապատվությանը հասցված վնասի վերականգնման համար։
Քաղաքական գործիչներին, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանին հորդորում ենք անձնական խնդիրների պատճառով չանցնել կարմիր գծեր և անօրինական և վիրավորական միջոցներով չխոչընդոտել խոսքի ազատության իրացմանը»: