
Զարուհի Բաթոյանը դատի է տվել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացուն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայց է ներկայացրել դատարան։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն, նախարարը Արամ Խանզադյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել ու գումար բռնագանձել։
Գործը երեկ՝ սեպտեմբերի 2-ին մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Նշենք, որ Արամ Խանզադյանը «Կամք» նախաձեռնության անդամ է։ Նախաձեռնությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք է անցկացնում։
Թե որն է ներկայացրել նման հայց ներկայացնելու հիմքը, հստակ չէ։ Ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը։
Ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։ Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։
Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ։
Հ.Գ. Պատրաստվում եմ օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու արժանապատվությունս և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքս»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին