Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ խտրական օրենք է ընդունել. Շավարշ Քոչարյան
Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը շարունակում է չլուծված մնալ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» արված փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն, օտար երկրի վարորդական վկայական ունեցող վարորդներին աշխատանքի ընդունելն արգելվում է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։
Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը ԵԱՏՄ-ի խնդիրն է այնքանով, որքանով մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ պայմանագրին:
«Այսինքն՝ Ռուսաստանի կողմից համապատասխան օրենքի ընդունումն, ըստ էության, հակասում է ԵԱՏՄ պայմանագրին, քանի որ այդ ոլորտում պայմանագրով սահմանված չէ, որ ինքը կարող է լրացուցիչ պահանջներ դնել: Ավելին, այդ հարցը քննարկվել, բարձրացվել է ԵԱՏՄ-ում: Դրա համար հիմա տանում են ուրիշ ճանապարհով։ Ասում են՝ եկեք բոլորով միասին այդ ոլորտի շուրջ համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատև ճանապարհ է, դրան հասնելու համար տարիներ են պետք, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց՝ այն օրենքը, որ ընդունվել է ՌԴ-ի կողմից, խտրական է Հայաստանի նկատմամբ։ «Ստացվել է այնպես, որ ԵԱՏՄ մյուս բոլոր երկրների վրա այդ պահանջը չկա, բացի Հայաստանից: Մասնավորապես, Բելառուսը միութենական երկիր է, խնդիր չի ունեցել, Ղազախստանի հետ էլի հարցը կարգավորել էին, մտցրել էին այդ օրենքի մեջ: Ղրղզստանն էլ, վերջին պահին իմանալով օրենքի ստորագրման մասին, կարողացել է այնպես անել, որ օրենքում Ղազախստանից հետո նշվի Ղրղզստանը»,- ասաց փոխարտգործնախարարը։
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ այժմ պահանջվում է ընդամենն այդ օրենքում Ղազախստան, Ղրղզստան բառերից հետո նշել Հայաստան բառը։ «Դա անում ես և բոլոր հարցերը լուծվում են։ Մինչդեռ արդեն 3 տարի է, այս հարցը տարբեր ձևերով փորձում են տորպեդահարել»,- նշեց նա։
Փոխնախարարը նաև ասաց, որ մեկ ասում են՝ հարցը Դումայում է, հետո ասում են՝ Դումայում չէ, հետո խնդիրը փորձում են տանել բազմակողմ հարթակ՝ լավ գիտակցելով, որ դա ժամանակ է պահանջում. «Այսինքն՝ սա ԵԱՏՄ որոշում չէ, եթե ԵԱՏՄ որոշում լիներ, մենք թույլ չէինք տա, որ նման բան լիներ։ Այո՛, Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան