Ուռուցքաբանի հարցերից հետո Արսեն Թորոսյանը ընդհատեց ասուլիսն ու լքեց դահլիճը
Մինչ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրած ասուլիսում ներկայացնում էր, թե ինչ ծրագրեր ունեն ու ինչ են արել, դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը։
Նա նշեց՝ ցանկանում է հարցեր ուղղել նախարարին։
Արսեն Թորոսյանն ընդդիմացավ, ասաց` կարող է առանձին հարցերն ուղղել կամ ասուլիս հրավիրել, նաև առաջարկեց իր գնալուց հետո նստել իր տեղն ու ասուլիս անցկացնել։
Թամամյանը չհանձնվեց, շարունակեց. «Դուք այսօր զբաղեցնում եք նախարարի պաշտոն ու պարտավոր եք այս հարցերին պատասխանել...»։
Արսեն Թորոսյանն այս ընթացքում վեր կացավ, մամուլի քարտուղարի հետ հեռացավ դահլիճից՝ առանց լրագրողներից ներողություն խնդրելու կամ պարզաբանումներ ներկայացնելու։
Լրագրողների հարցերին ի պատասխան նախարարն առաջարկեց դահլիճից դուրս գալ ու դրսում խոսել։
Հիշեցնենք, որ Գևորգ Թամամյանն օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել Առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից՝ Արսեն Թորոսյանին մեղադրելով պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու մեջ: