Թուրքիայի տնտեսությունը 2019-ի առաջին կիսամյակը 1.5% անկման ցուցանիշով է փակել
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ երկրի տնտեսությունը տարվա առաջին կիսամյակի համար 1.5% անկում է գրանցել:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ երկրի տնտեսությունը վերջին 4 եռամսյակներում տարեկան կտրվածքով շարունակաբար անկում է գրանցում: Ամենամեծ անկումը (տարեկան կտրվածքով) գրանցվել է 2018-ի վերջին եռամսյակում՝ 2,8%: 2018-ի վերջին 2 եռամսյակներում գրանցված անկումների հետևանքով տնտեսությունը ռեցեսիայի մեջ է հայտնվել: 2019-ի առաջին երեք ամիսներին (տարեկան կտրվածքով) անկման ցուցանիշը նվազել էր՝ կազմելով 2.4%: Դրանից հետո տնտեսությունը որոշակի կայունության նշաններ է ցույց տվել ու կարողացել է դուրս գալ ռեցեսիայից:
էրմենիհաբերը գրում է, որ չնայած այն հանգամանքին, որ 2019-ի 2-րդ եռամսյակում տնտեսությունը 1-ին եռամսյակի համեմատ 1.2 % աճ է արձանագրել՝ այնուամենայնիվ տարեկան կտրվածքով տնտեսությունը 1.5 %-անոց անկում է ցույց տվել:
Նշենք, որ ավելի վաղ «Reuters»-ի մասնագետների կատարած ուսումնասիրության մեջ Թուրքիայի վերաբերյալ հատվածում երկրի տնտեսության համար 2019-ի 2-րդ եռամսյակում 2 % անկում էր կանխատեսվել:
Կանխատեսվածից ավելի լավ արդյունքները, սակայն, շատ տնտեսագետների կարծիքով բավարար չեն և Թուրքիայի տնտեսությունը հաջորդ եռամսյակում (տարեկան կտրվածքով) նույնպես անկում կգրանցի: Այսպիսի կանխատեսումների պաճառներից մեկն էլ մասնավոր պետական սեկտորներում ներդրումների նվազումն է՝ 22.8%: Նշվում է, որ այս նվազումը աննախադեպ է վերջին 10 տարվա ընթացքում: