Մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտահարկը վերադարձնելու ԼՀԿ առաջարկը մերժվեց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավար Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» լրացումն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ հանձնաժողովի նիստերից մեկում այս հարցը կրկին քննարկվել էր, եզրակացությունը հիմնականում բացասական էր, բայց առաջարկ էր եղել հետաձգել նախագծի քննարկումը, փորձել ընդհանուր եզրեր գտել։
«Երեկ աշխատանքային քննարկումներ ենք ունեցել գործընկերների հետ, չեմ կարող ասել, որ եկել ենք ընդհանուր հայտարարի»,- ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր կա հստակ իրավակարգավորում, որով կառուցապատողից հնարավոր է գնել բնակարան և եկամտահարկը տոկոսների մասով հետ ստանալ։
«Քանի որ միայն Երևանում է եղել բնակարանաշինություն, այս նորմը գործել է միայն Երևանում։
Շատ ենք խոսել համաչափ տարածքային զարգացման մասին, մարզերն ավելի զարգացնելու, Երևանի մակարդակին հասցնելու մասին։ Ունենք տվյալներ, որ, օրինակ Վանաձորում,Գյումրիում աշխատող մարդիկ կարողանում են իրենց աշխատավարձով Երևանում բնակարան գնալ, բայց կառուցապատողից։ Ցանկալի կլիներ, որ նույն հնարավորությունը լիներ այդ քաղաքներում։ Բայց այդ հնարավորությունը չկա, որովհետև չկա բնակարանաշինություն, որովհետև այնտեղ քառակուսի մետրն ավելի էժան է, ձեռնտու չէ կոնկրետ բնակարանաշինություն իրականացնել։
Մենք առաջարկել ենք, որ այն մարդկանց, ովքեր ունեն աշխատավարձ, բնակարան գնելու հնարավորություն, հնարավորություն տալ Երևանից դուրս՝ մարզերում, երկրորդային շուկայից գնել և նույն մեխանիզմը տարածել նրանց վրա։ Այլապես Հայաստանի քաղաքացիների միջև դրվում է խտրականություն նրանց բնակության վայրի ունեցած հնարավորությունների հետ կապված, ինչն անարդար է, որովհետև նույն պետական բյուջեից է փոխհատուցվում, բոլորն են իրենց ներդրումն ունենում»,- ասաց պատգամավորը։
Է. Մարուքյանի խոսքով, իրենք սրանով, ըստ էության, հնարավարություն են տալիս մարզերում բնակվող մարդկանց իրենց աշխատավարձով բնակարան գնել ոչ թե Երևանում, որն անում են հիմա, այլ մարզերում, այլապես ունենալու են գերկենտրոնացած մայրաքաղաք-պետություն, մարզերն էլ թուլանում են, ինչն ազգային անվտանգության հարց է։
Բ. Թունյանն ասաց, որ օրենքն ի սկզբանե նպատակ է ունեցել խթանել կառուցապատումը, իսկ այս դեպքում կխթանեն ոչ թե նոր շենքերի կառուցմանը, այլ ռեսուրսները կուղղվեն այնտեղ։
«Մեր հասցեին քննադատություններ հնչեցին, որ զրկում ենք մարդկանց բնակարան ունենալու իրավունքից։ Եթե մենք այս օրենքն ընդունում ենք, պետբյուջեի հաշվին մի քանի միլիարդ դրամ գնում է այդ մեխանիզմի ֆինանսավորմանը, այդ գումարը կարող էր գնալ այդ նույն մարզում դպրոց, ճանապարհ կառուցելուն, որն ավելի կարևոր է, որ մարդը մնա մարզում։ Այս օրենքի ընդունումը խտրականություն կլինի, Երևանում էլ են մարդիկ ցանկանում երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել։
Նպատակը բարի է, բայց իրականացման ձևը սխալ։ Հատկապես այսօր կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնք հնարավարություն են տալիս էժան, մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերել։ Կարծում եմ՝ օգուտը, որ ստանալու ենք, շատ ավելի քիչ է, քան վնասը, որը սրա արդյունքում ունենալու ենք»,- ասաց Բ. Թունյանը։
Հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը դրվեց քվեարկության։ Այն չընդունվեց։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը