Շրջադարձ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հաստատեց՝ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը։ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, և մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի Սահմանադրությանը համապատասխանելուն։
Փաստորեն, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղաքացին մոտ 9 ամիս ապօրինի բանտարկված է եղել։ Որևէ մեկը ներողություն խնդրելո՞ւ է դրա համար։ Հաստատ ո՛չ քաղաքական հետպանդման նախաձեռնողներն ու կալանքի որոշումներ տվող դատավորները․․․ Ամաչել ու ամաչում են այն մարդիկ, ովքեր բաց աչքերով տեսնում էին օրենքի բռնաբարումը, բայց ոչինչ անել չէին կարողանում։
Իրավաբանները դեռ սպառիչ կերպով կբացատրեն ՍԴ որոշման նրբությունները, որոնք բավականին բարդ են իրավաբանության հետ կապ չունեցողների համար։ Այդուհանդերձ, առնվազն գրաճանաչ մարդու համար պարզ է, որ Սահմանադրական դատարանը պետության բարձրագույն դատական մարմինն է, նրա որոշումները բեկանելի չեն և ՀՀ երկրոդ նախագահը պետք է անհապաղ ազատության մեջ լինի։
Այս պարագայում մեծ հարց է՝ ի՞նչ սպասումով են որոշումից դժգոհ փոքրաթիվ հակաքոչարյանական ցուցարարները «ազգափրկիչ» կոչերով գնում գլխավոր դատախազի դուռը․․․ Ո՞ր ինչ։ Բարձրախոս վերցնող և դժգոհներին ուղղորդող մարդը, տվյալ դեպքում «գլուխ ցխող» ջահել ջիվանը, գոնե տարրական գիտելիքներ չպե՞տք է ունենա։ Վա՜յ էն իշխանությանը, որ էս խաժամուժի հույսին է մնացել։
Ասենք, մեծ հաշվով այսօրվա իշխանություններն արդեն ոչ մի հույս էլ չունեն, քանզի ՍԴ-ն մնալով իր բարձրության վրա՝ ի չիք դարձրեց կախյալ ու խամաճիկային դատական համակարգ ունենալու իշխանական մեծ տենչանքը։ Իսկ առանց գրպանային դատարանի գրեթե անհնար է ապօրինի քայլեր իրականացնել։ Մյուս կողմից էլ՝ քաջությունը վարակիչ երևույթ է, և շղթայական փոխանցմամբ վախն իրենցից կվանեն դատավորն ու ոստիկանը, չինովնիկն ու բժիշկը․․․ և հեռու չէ այն օրը, երբ հազար կողմից կհնչի՝ «արքան մերկ է ու բավականին էլ գեշ է»․․․
ՍԴ այս որոշումը շրջադարձային կարելի է համարել «հետթավշյա» Հայաստանի պատմության համար։ Մեր պետության այսօրվա խոտոր ճամփեն հասավ մի հանգրվանի, որտեղ մեկ ճիշտ ելք կա՝ օրենքի և ազգային շահի գերակայություն, բազմակի ստանդարտների և քաղաքական հետապնդումների բացառում։ Քանի որն այս իշխանությունները մեկ ու կես տարում ծավալել են լիովին հակառակ գործունեություն անխտիր բոլոր բնագավառներում, ուրեմն նրանք ի վիճակի չեն պետությունը բնականոն կյանքի վերադարձնել ․․․ Հետևաբար և պետք է հեռանան։ Իսկ որ Հայաստանում չեն վերացել հայրենասեր, արժանապատիվ ու գիտակից մարդիկ՝ ապացուցեց ՍԴ-ն իր սեպտեմբերի 4-ի որոշմամբ։
Լիա Իվանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները